Առողջապահության նախարարությունն արդեն իրավական ակտերում որոշակի փոփոխություններ է մտցնում, որպեսզի այն անձինք, որոնք չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերի կայուն աճ է գրանցվում․ «Եթե նայում ենք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, Վրաստանում, ապա պետք է իսկապես մեր զգոնությունը տեղին լինի եւ մենք անենք հնարավորը՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին»։
Ուսումնական տարվա մեկնարկին ուսուցիչներին պարտադիր պատվաստելու մասին էլ նախարարն ասաց, որ ուսումնական տարվա մեկնարկին սպասվում է կորոնավիրուսի դեպքերի աճ․ «Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, բոլոր կառույցներում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց չունեն պատվաստման որեւէ հակացուցում, պետք է ամսական 2 անգամ թեստ հանձնեն»։
Նախարարն ասաց, որ ամեն օր գրանցվող մահեր կան, մտավախություն կա հետագայում ալիքի բարձրացման եւ որպես պետություն պետք է ամեն ինչ անեն քաղաքացիներին պաշտպանելու համար․ «Այդ գործիքակազմի մեջ օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետեւ այս պարագայում, կոնկրետ անձի առողջությունից բացի՝ խնդիր ունենք հանրային լուրջ առողջապահական մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակներում, իրավական ակտերով սահմանվելու պարագայում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչն այս պահին ամենագործուն միջոցն է պայքարելու կորոնավիրուսի դեմ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ