Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ». Ալեն Սիմոնյանը` ԱԺ-ում լրագրողների աշխատանքի կանոնակարգման մասին

Օգոստոս 12,2021 15:09

«Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը համակարգվելու է»,- այսօր խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Ընդդիմադիր պատգամավորը իշխանությանը քննադատել էր լրատվական դաշտի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու համար: Իր գնահատմամբ` լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները համակարգային բնույթ են սկսել կրել: Մինչդեռ Ալեն Սիմոնյանը գտնում է, որ երբեւէ լրատվական դաշտում այնքան ընդդիմադիր լրատվամիջոցներ, մասնավորաբար հեռուստաընկերություններ, չեն եղել, որքան կան այսօր, եղել են ցուցակներ, թե ո՞ւմ կարելի է եթեր հրավիրել, ո՞ւմ`ոչ:

Ալեն Սիմոնյանը վկայակոչում է, որ աշխարհի զարգացած երկրներում լրագրողների աշխատանքը կանոնակարգվում է:

ԱԺ նախագահի կարծիքով, «որոշ մարդիկ խոսքի ազատությունը խառնել են լկտիության» հետ. «Լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալիս են շենք, նույն հարցազրույցները անել, բայց, կներեք, չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ: Չեն վազելու պատգամավորի հետեւից, որովհետեւ դա անհարգալից վերաբերմունք է թե լրագրողի նկատմամբ, թե պատգամավորի նկատմամբ: Հաճախ խոսում ենք պատգամավորների, քաղաքական գործիչների վարվելակերպի հետ կապված, բայց ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված դժգոհ է լրագրողների աշխատանքից եւ վարվելաձեւից»:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Գեղամ Մանուկյանը` լինելով «Երկիր մեդիայի» ծրագրերի ղեկավար, վիրավորանքներ է գրել եւ տարածել սոցիալական ցանցերում: Ասաց, որ ԱԺ դահլիճում նստած են ևս երկու նախկին լրագրողներ, որոնք նույն կերպ են վարվել: Դիմեց նաեւ այն լրագրողներին, ովքեր սոցիալական ցանցերում վիրավորանքներ են հնչեցնում քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների հասցեին. «Հարգելիներս, մի համարեք, որ դուք իրավունք ունեք հասարակական հարթակներում, սոցիալական ցանցերում վիրավորանքներ հնչեցնել պետական պաշտոնյաների, ազգային ժողովի պատգամավորների, հասարակական գործիչների նկատմամբ եւ հետո զարմանալ, որ իրենք ձեզ հարցազրույց չեն տալիս կամ փորձում են համակարգել աշխատանքը, որպեսզի դուք միջանցքներով չվազեք, այլ լինի կոնկրետ տեղ, որտեղ կմոտենա պատգամավորը, իշխանության ներկայացուցիչը եւ հարցազրույց կտա»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031