Ի՞նչ է անելու այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեռ 2013 թվականին որպես մարդու իրավունքների պաշտպան՝ դատավորների կոռումպացված լինելու մասին ունեցած տեղեկատվության հետ, որը իր ՄԻՊ զեկույցում էր ներառել։ Զեկույցում, հիշեցնենք, որ նշվում էին տարբեր դատարանների դատարանների, այսպես ասած՝ կաշառքի սակագները։
Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ի պատասխան այս հարցի, ասաց՝ այդ բոլոր հանցագործությունների մասին տվյալներն իրեն վստահվել է որպես մարդու իրավունքների պաշպան եւ աղբյուրները դեռ այն ժամանակ արգելել են իրենց անունները հրապարակել կամ իրենց մասին տեղեկություններ տալ իրավապահներին, հակառակ դեպքում հենց այն ժամանակ այդ ամբողջը կփոխանցվեր համապատասխան մարմիններին․ «Այն ժամանակ մարդիկ ինձ վստահում էին, բայց վախենում էին դիմել իրավապահներին, որովհետեւ գիտեին, որ իրավապահներից ոմանք կապված են հենց այդ նույն կոռումպացված դատավորների հետ։ Եվ բնական է, որ այն ժամանակ չեմ հրապարակել եւ այդ մարդկանց հետ այն ժամանակ գրավոր պայմանավորվածություն է եղել, որ չպետք է հրապարակեմ»։
Պարոն Անդրեասյանն ուշագրավ տեղեկատվություն հրապարակեց՝ Մարտի 1-ի գործերով այն դատավորները, որոնք դատեր են արել հենց այդ գործով, 24 դատավորից, Վճռաբեկից մինչեւ առաջին ատյան, մնացել են համակարգում ընդամենը 12-ը․ «Այսինքն, տեղի է ունեցել տարօրինակ զտում, տարօրինակ ազատում այն դատավորների, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել այդ գործով։ Ասում եմ կասկածելի, որովհետեւ ՄԻԵԴ-ն է որոշում է կայացրել, որ այդ վճիռներն անարդար էին»։
Նախախարի խոսքով՝ այն դատավորները, որոնք կոռումպացված են եւ անգրագետ, այդ զեկույցից հետո էլ շարունակել են կրկնել սխալներ, շարունակել են անել հանցագործություններ․ «Մեր օրենսդրությունը թույլ է տալիս հետ գնալ ութ տարի եւ վարույթներ հարուցել վերջին ութ տարվա ընթացքում եղած սխալների եւ խախտումների վերաբերյալ։ Եվ դա այն ժամանակաշրջանն է, որտեղից ես սկսել եմ իմ զեկույցը։ Ես 2013-ից կիսատ թողած գործը կարող եմ շարունակել»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով դատախազության աշխատանքին, նա ասաց՝ վերջին շրջանում դատախազությունը գործում է գրագետ․«Չենք ստանում տեղեկություններ կոռումպացվածության, վատ բարքերի եւ երեւույթների մասին, ինչը հուսադրող է, որ ընդհանուր համակարգերը սկսում են մաքրվել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ