«2018թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում, եւ երբ նրան հարցրին, թե կենսաթոշակները երբ են բարձրանալու, նա դա կապեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների հետ։ Հետո ձեր իշխանությունը թիվ հրապարակեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների արդյունքում 120 միլիոն դոլար է վերադարձվել պետբյուջե։ Սա այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած որեւէ վճիռ չկա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հերիքնազ Տիգրանյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա շարունակեց․ «Ձեր իշխանության տարիներին թոշակները բարձրացել են երեք հազար դրամով, փոխարենը ձեր թիմը պարգեւատրվել է 120 միլիոն դոլարով։ Այսինքն՝ այնքան, որքան, ըստ ձեզ, պետբյուջե է վերադարձվել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում։ Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգեւատրումների այս մեխանիզմը։ Ե՞րբ են թոշակները դառնալու արժանապատիվ։
Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց․ «Թոշակների բարձրացումը մեր գերնպատակը չէ, այն դեռ հեռու է բավարար եւ արժանապատիվ գոյություն ապահովելու չափից, բայց մինչեւ 25 թվականը նախանշել ենք, որ նպաստի եւ կենսաթոշակի նվազագույն չափը պետք է բարձրանա մինչեւ 40 000 դրամ: Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ցանկացածի աշխատավարձը բաղկացած է հիմնական աշխատավարձից, հավելավճարներից, իսկ լավ աշխատանքի դիմաց՝ պարգեւատրումներից։ Պարգեւատրումը հիմնական աշխատավարձ չէ, բայց այն տրվում է լավ աշխատանքի թիմաց։ Եթե «ձեր թիմ» ասելով նկատի ունեք պատգամավորներին, ապա հիասթափեցնեմ։ Մեկ տարի է՝ պատգամավորները պարգեւատրում չեն ստացել՝ 20թ․ փետրվարից սկսած։ Գործադիրում կան պարգեւատրումներ եւ կլինեն՝ հանրային ծառայողին խրախուսելու համար։ Ճիշտ չէ պարգեւատրումը որպես վատ բան ներկայացնելը։ Գուցե դուք էլ մի օր լավ աշխատանքի համար պարգեւատրում ստանաք, եւ դրանում պախարակելու բան չկա»։ Արեգնազ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը լավ չի աշխատել, իսկ իշխանության ցոփ ու շվայտ կյանքի ֆոնին՝ թանկացումներ կան։ Տիգրանյանը պատասխանեց․ «Բարի գալուստ ցոփ ու շվայտ կյանք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ