Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան․ «Նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ»

Օգոստոս 12,2021 13:50

«Երբ ես ժամանակին խոսել եմ կոռումպացված դատավորների մասին, դա չի նշանակել, որ բոլոր դատավորները կոռումպացված են։ Երբ ես նախորդ անգամ խոսել եմ, որ նույնիսկ լրագրողի դիմակի անվան տակ կարող է ներթափանցել ահաբեկիչ, դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ահաբեկիչներ կան լրագրողների մեջ։ Նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ, բայց միեւնույն ժամանակ ես խոսել եմ անվտանգության խնդիրների մասին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչպես է վերաբերվում երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ լրագրողներին օթյակից դուրս հանեցին եւ չթույլատրեցին նկարահանել ԱԺ դահլիճ մտած անվտանգության աշխատակիցների միջամտությանը պատգամավորների միջեւ վեճին։

Պարոն Անդրեասյանի խոսքով․ «Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ կարող է սահմանափակվել լրագրողների տեղաշարժը, չէ՞ որ լրագրողն այնպիսի մասնագիտության կրող է, որ ակնհայտ է, որ նրանից վտանգ չի գալիս։ Ես ընդամենը փորձել եմ բացատրել, որ անվտանգության սպառնալիքի կամ նման տեղեկատվության դեպքում, ցանկացածի տեղաշարժը, նախարարից մինչեւ լրագրող, բժշկից մինչեւ հավաքարար, ցանկացած մեկի աշխատանքը կարող է սահմանափակվել։ Այսօր, ես որպես նախարար, մտնում եմ հատուկ պահպանվող տարածքներ այնպիսի զննությամբ, որ ժամանակին որեւէ նախարար չի անցել եւ դա անվտանգության այն կանոններն են, որոնք մենք հարգում ենք, մեր տեղաշարժն ու շարժը նույնպես որոշակիորեն սահմանափակված են»։

Ինչ վերաբերում է ԱԺ-ի միջադեպին, ապա նախարարը հիշեցրեց մարդու իրավունքների պաշտպանի երեկվա գրառումը եւ ասաց․ «Իրավապաշտպաններից մեկը վկայակոչում է Մանդլին ընդդեմ Հունգարիայի գործը եւ հայտարարել է երեկ, որ այդ գործով չի կարելի ընդհանրապես խոչընդոտել լրագրողների տեղաշարժն ԱԺ-ում, որտեղ ամենաթեժ եւ կարեւոր տեղեկություններն են շրջանառվում։ Ես պնդում եմ, որ հենց նույն այդ գործով, մեր իրավապաշտպանը մոռացել է մեջբերել 67-րդ եւ 68-րդ պարբերությունները, որտեղ նաեւ ասվում է՝ հանուն իրավաչափ նպատակի, ինչպիսին է տվյալ դեպքում խորհրդարանի բնականոն աշխատանքը կամ պատգամավորների իրավունքները, ես այդ գործերով նաեւ ասում եմ ազգային անվտանգությունը, այլ մարդկանց անվտանգությունը կարող են լինել ոչ թե սահմանափակումներ, ոչ թե խոսքի ազատության լռեցում, այլ որոշակի պայմանավորվածություններով ողջամիտ ձեւով նպաստավոր աշխատանք ստեղծելով լրագրողների համար լինեն որոշակի կանոններ։

Շատ քննարկվեց, երբ ներս մտան անվտանգության աշխատակիցներ։

Ընդհանուր առմամբ, մենք բոլորս ուզում ենք, որ ցանկացած պետական պաշտոնական աշխատանք ուղիղ եթերով անխափան լուսաբանվի, բայց դուք գիտեք, որ կա կանոն, որ անվտանգության աշխատակիցների դեմքերը չի կարելի լուսանկարահանել։ Այս տրամաբանության մեջ գուցե գտնենք այլ լուծումներ, թե ինչպես անել, որ անվտանգության աշխատակիցների դեմքերը չերեւան։ Կարող է, օրինակ, լինի պայմանավորվածություն, որ մեր բոլոր լրագրողները, եթե լինեին այնպիսի էթիկայի կանոններ եւ օրենքներ պահող, ինչն ակնկալում ենք մեծամասնությունից, եւ կլիներ իրավիճակ, հանգիստ կարող էին չանջատել այդ ձայնագրությունը, բայց վստահ լինեինք, որ դեմքերը կփակվեին, ինչպես երեխաների դեպքում է արվում»։

Նելլի
ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031