Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտագաղթը մտցրել են մեր մեջ եւ մեր միջից հանել են պետությունը». Արթուր Սահակյան

Օգոստոս 12,2021 13:36

«Երբ նոյեմբերի 9-ին այդ բոթը եղավ, ես մտածում էի՝  ո՞նց ենք ապրելու: Մինչեւ առավոտյան գտա պատասխանը: Գիշերը հենց իրենց կողմից շատ լավ կազմակերպված այդ բաներն էին տեղի ունենում, իսկ առավոտյան հենց դուրս եկա տնից, չգիտեի ուր գնամ, տեսա մեր կողքի շինարարությունը շարունակվում էր, մարդիկ խանութներում գնումներ էին կատարում… Ես չեմ ասում՝ մարդիկ չապրեն դրանից հետո, բայց ինչ-որ իրադարձություն պետք է լիներ դրանից հետո…»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Արթուր Սահակյանը:

«Ես այսօրվա Երեւանի պարունակությունը չեմ սիրում, ես չեմ սիրում իմ հարազատ եւ միակ քաղաքի պարունակությունը, չեմ հասկանում տուրիզմի լավատեսությունը… Ինձ թվում է Երեւանը գործակալական քաղաք է դարձել, ընդ որում՝ հազար տիպի գործակալներ կան… Ինչո՞վ շենանա  այս քաղաքը, երկիրը, կապիտուլյացիայով… Ես բոլորովին պարտված երկրի տպավորություն չեմ տեսնում, իսկ մենք պարտվել ենք ու դեռ պարտվելու ենք, որովհետեւ նպատակը հենց այդպես էլ դրված էր՝ կապիտուլյացիա…»,-ասում է ռեժիսորը;

Նրա ձեւակերպմամբ, ցավոք, մարդիկ համակարծիք են կատարվածի հետ, եւ ռեստորաններում քեֆ են անում. «Չեմ ասում, թե կյանքը չպետք է շարունակվի, բայց 5000 մարդ է զոհվել, 10000 մարդ է խեղվել… Լավ, թուրքը թրքություն է անում, բա մե՞նք ինչ ենք անում»:

«Մի տեսահոլովակ նկարեցինք վերջերս մեր բնագավառի մարդկանց ուժերով, որտեղ ասվում էր, որ երկրից խռովել չի կարելի…Ավարտվում էր այսպես՝ դու հայ ես, մենք հայ ենք, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր լեզուն հայերենն  է, մեր եկեղեցին Առաքելական է, մեր տերն Աստված է՝ հայր որդի եւ սուրբ հոգի…10 օրվա ընթացքում 70000 դիտում, 4000 like , այսինքն ինչի՞ հետ համաձայն չեն չլայքողները, որ իրենք հայ են կամ հայ չե՞ն, որ իրենց հայրենիքը Հայաստանը չէ՞, կամ իրենց լեզուն հայերենը չէ՞…

Ինչ-որ կոնֆլիկտ կա այդ ամենի հետ, իսկ դրանք «Մեր այբբենարանի» առաջին տողերն են, ընդ որում 2002թ մենք սկսեցինք նկարել «Մեր այբբենարանը»… Եվ ոչ մի կոնտրոլ մեզ վրա… Այսինքն, եթե այդ ժամանակ մենք լինեինք աղանդավոր, սատանիստ, մանկապիղծ, հանգիստ տառերի միջոցով կփչացնեինք սերունդը, բայց մեր կարգախոսը դա էր՝ մենք հայ ենք, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր լեզուն հայերենն  է…»,- օրինակ բերեց ռեժիսորը եւ նկատեց, որ «էն գլխից» չկար հետեւողականություն:

Նրա ձեւակերպմամբ, «մենք»  ասվածը բազմաբնույթ է, «գլուխները մաքրած». «Աշխարհում գլոբալիզմն անցել է հարձակման, իսկ դրա հիմքը սատանիզմն է… Եթե  մի քիչ լուրջ վերաբերվենք Աստվածաշնչին, ապա պետք է հիշենք, որ այնտեղ ասվում է՝ թող գա քո արքայությունը, այսինքն՝ չկա փաստորեն  այդ արքայությունը երկրի վրա… Իսկ մենք այժմ քեֆերի մեջ ենք»:

Արթուր Սահակյանը տարակուսած է. «Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել, եւ աշխարհը թքած է ունեցել, գուցե հենց այդպես էլ արվել է, որ պետություն չունենանք, միասնական միտք չունենանք, մեր ուշքն ու միտքը բաստուրման լինի, որ լավաշը   արագ թխենք, տոլման փաթաթենք, հենց թուրքերն եկան, բարձրացանք սարերը… Այսինքն՝ միացել է մեր ինքնապահպանության բնազդը, բայց այն ժամանակվա հայն ու էսօրվա հայը շատ տարբեր են… Պետության գիտակցումը, գենը մեր միջից հանված է»:

Նրա խոսքով, մեր փրկությունն ազգային դիկտատուրան է, միայն դրա գործադրմամբ կունենանք ապագա. «Թե չէ արտագաղթը մտցրել են մեր մեջ եւ մեր միջից հանել են պետությունը, «զամենա» է տեղի ունեցել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031