«Դուք, մինչեւ 2020 թվականը եղել եք իշխող խմբակցության անդամ. արդյոք կրո՞ւմ եք պատասխանատվություն Ձեր`իշխող քաղաքական խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի համար` իր բոլոր արդյունքներով հանդերձ»,- այս հարցն այսօր խորհրդարանում, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու Թագուհի Թովմասյանին տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Դուք գիտեք, ես բազմիցս հայտարարել եմ, որ ես երբեք պատասխանատվությունից խուսափող տեսակ չեմ: Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի եւ դրանց հետեւանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ: Ես չեմ կարող պատասխանատվություն կրել բաների համար, որոնցից անտեղյակ եմ: Իսկ Դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում եւ հատկապես պատերազմական իրավիճակում եւ դրանից հետո, խմբակցությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, կամ գոնե ես, որպես խմբակցության ներկայացուցիչ, տեղյակ չեմ եղել իշխանության որեւէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին: Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար, չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»,- եղավ Թագուհի Թովմասյանի պատասխանը:
Ռուբեն Ռուբինյանը շարունակեց. «Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ամբողջ գործունեությունից Դուք տեղյա՞կ եք, տիկին Թովմասյան»:
Թագուհի Թովմասյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր է ձեւավորվել`«ավելի այլ ավանդույթներով»: Նա ընդգծեց, որ «Պատիվ ունեմ»-ը ընդդիմադիր խմբակցություն է եւ ընդդիմադիր պատգամավորների դեպքում պատասխանատվությունն այլ է. «Բնականաբար, ես կրում եմ նաեւ պատասխանատվություն պատգամավորական նաեւ այս գործունեության համար»:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ