Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան․ «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներն օրինական են, արդար եւ ճիշտ է, եւ նույնիսկ՝ քիչ»

Օգոստոս 12,2021 12:56

«Իմ դիրքորոշումը չի եղել, որ կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելն է խնդիրը դատավորին ճնշելու հարցում։ Խնդիրն այն է, թե ինչպիսի կարգապահական վարույթներ ես հարուցում, ինչ նպատակով ես հարուցում, ինչ որակով ես հարուցում եւ ինչ որոշում ես կայացնում կարգապահության ենթարկելու հարցում»,-այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ նա նախկինում որպես մարդու իրավունքների պաշտպան նման գործառույթը համարել է դատավորներին ճնշելու միջոց։

«Ես կարող եմ ասել, որ այն ժամանակ իմ բարձրացրած խնդիրն այսօր ակտուալ չէ, որովհետեւ այսօր ԲԴԽ-ն, գոնե այս կազմով եւ այս ժամանակաշրջանում, սկսել է բավական արդարացի, թափանցիկ քննություններ վարել։ Ժամանակին այդ քննությունները հրապարակային չէին, հիմա օրենսդրական մեծ առաջընթաց է արվել, եւ բոլորը կարող են հետեւել, թե որքանով են արդար դատում դատավորներին»,-ասաց պարոն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ բոլորն են խոսում դատական համակարգը մաքրելու, զտելու մասին, եւ այսօր միակ գործող իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության միջոցներն են․ «Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է, եւ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են եւ կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել։ Բայց պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ այս աստիճանական զտումը, մաքրումը դատական համակարգում սկսվել է»։

Կարեն Անդրեասյանն ասաց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդրով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ է հանդիպելու, ԲԴԽ-ի եւ այլ իրավապահ մարմինների հետ է հանդիպել, որպեսզի ստանան ամենաարդար եւ լավ մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու համար․ «Իսկ այն, որ դատական համակարգը կարիք ունի նման մաքրման, բոլորն են ասում, եւ նույնիսկ նրանք, որոնք դժգոհում են ինչ-ինչ կարգավորումներից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031