Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները պետք է ակտիվանան»

Օգոստոս 12,2021 12:25

Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ սահմանային լարվածությունը թուլացնելու մասին։ Նա հիշեցրեց հուլիսի 29-ի նիստում արած իր հայտարարությունը եւ նշեց՝ ես ուրվագծել եմ ՀՀ կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատեւ կայունության ու խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաեւ ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը։

«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից եւ հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաեւ հակամարտության համընդգրկուն եւ տեւական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը , այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություներից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ եւ միջավայր ձեւավորելու համար, ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների եւ հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը եւ այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի եւ կայունացման համար։ Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մոնիթորինգի մեխանիզմների գործարկումը պետք է լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը։

«Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, եւ մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների»,-նշեց վարչապետը։

Նա հայտարարեց՝ ՀՀ-ի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն․«Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ եւ ճկուն, մեր տրամադրությունն ու տրամադրվածությունը պետք է լինի հետեւյալը ՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումը ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի հետեւյալը՝ գնալ լուծումների։ Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածարջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը եւ կարծում եմ, որ օր առաջ պետք է վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձեւաչափում եւ լինենք առավել ակտիվ եւ նախաձեռնող տարածաշրջանում՝ նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մեր դիրքորոշումն անփոփոխ է եւ մենք կարծում ենք այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թշնամության եւ թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է, դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության համար, եւ թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսեւորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված՝ ավարի պուրակի օրինակով, որն անարգանք է տարածաշրջանի եւ տարածաշրջանային քաղաքականության հասցեին․ «Թշնամության հաղթահարումը կարող է եւ պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ ՀՀ-ն համոզված է, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության անվտանգության եւ տնտեսական զարգացման համար առանցքային են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ կամ զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու։

Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել ՀՀ-ի մտադրություններն, ասելով, թե ՀՀ-ն զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթ է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի , այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, եւ մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Մենք ագրեսիվ որեւէ մտադրություն չունենք եւ տարածաշրջանի խաղաղությունը մեր երկարատեւ ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության, նաեւ ուղիղ շփումների միջոցով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031