Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության թեկնածուն Թագուհի Թովմասյանն է

Օգոստոս 12,2021 12:05

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Խմբակցությունն առաջադրեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Դոնթի բանաձեւով, այս խմբակցության ղեկավարի պաշտոնը հասնում էր ԱԺ «Հայաստան» խմբակցությանը, վերջիններս, սակայն, որոշեցին առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին:

Ներկայացնելով թեկնածուին`Արթուր Վանեցյանն ասաց, որ 2020 թվականի պատգամավորական գործունեության համար նա արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» տիտղոսին:

Թեկնածության առիթով Արթուր Վանեցյանին հարցեր չտրվեցին:

Իր ելույթում Թագուհի Թովմասյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետության բացառիկ եւ հիմնական գործառույթն է, պետության ֆունկցիոնալ պարտականությունը: Նա կարեւորում է, որ պետության գործունեությունը ուղղված լինի հենց մարդու իրավունքների իրացմանը, ոչ թե դրանց սահմանափակումներին, որպեսզի հեշտացնեն պետական իշխանությունների գործունեությունը: Ըստ նրա, հաճախ օրենսդրական դաշտը շղարշ է եղել մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց իրականում միտված է եղել պետական իշխանությունների գործունեության հեշտացման ճանապարհին:

Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու պարագայում, առավելագույնն է ներդնելու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: ՀՀ-ում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, իր գնահատմամբ, խորհրդարանն առանձնահատուկ դեր պետք է ունենա եւ համանուն հանձնաժողովը պետք է կենտրոնանա պատերազմի արդյունքում մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնմանը, նաեւ` ի լուր աշխարհի բարձրաձայնելով, որ Ադրբեջանը խախտում է բոլոր միջազգային կոնվենցիաները, այդ թվում, «Բռնությամբ անհետացած մարդկանց պաշտպանության մասին», «Ռազմագերիների մասին» միջազգային կոնվենցիաները եւ առ այսօր հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին: Թագուհի Թովմասյանը խոսեց նաեւ ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության մասին, որն այսօր առավել արդիական է, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո, «միակողմանի եւ բռնի գծվեց ՀՀ սահմանը» եւ շատ դեպքերում ՀՀ քաղաքացին մնացել էր խնդիրների հետ միայնակ:

«Ցանկացած անարդարություն, պիտի անարձագանք չմնա»,- ասաց նա` հավելելով, որ վերոնշյալ առաջնահերթությունները որեւէ կերպ չպետք է ստվերեն մնացյալ հարցերը: Իր կարծիքով, քննարկման առարկա պետք է դառնա երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով օմբուդսմենի, ինչպես նաեւ այլ թիրախային ոլորտներում օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հարցը: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաեւ զինծառայողների իրավունքների հարցերը, զինծառայությունը գրավիչ դարձնելու նպատակով: Այս առումով նա կիսում է ՀՀ ՄԻՊ-ի տեսակետը, որ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն աշխատաշուկայում պետք է մրցակցությունից դուրս լինեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031