Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար են պատգամավորներն աշխատավարձ ստանում

Օգոստոս 12,2021 10:00

Նոր գումարման Ազգային ժողովը դեռեւս չի անցել իր անմիջական պարտականությունների կատարմանը. երեք խմբակցությունների պատգամավորները խոսում են ոչ թե պետական խնդիրների, այլ՝ իրար մասին: Ընդ որում, երեքն էլ դա հաճախ անում են պատգամավորներին ոչ հարիր բառապաշարով: Իշխանության ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարում անպատասխան չթողնել ցանկացած արտահայտություն, որն առնչվում է Նրան Ում Անունը Չի Կարելի Տալ, ընդդիմադիրները նույնպես ոչ մի ռեպլիկ անարձագանք չեն թողնում:

Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, կյանքում կատարյալ սիմետրիա չի լինում. վստահ եմ, որ կա, այսպես ասած, «զիջելու առաջնահերթություն»՝ որոշ պարագաներում մեծահասակը պետք է զիջի երիտասարդին, տղամարդը՝ կնոջը, ուժեղը՝ թույլից, իշխանությունն՝ ընդդիմությանը:

Ընդհանրապես, ինձ թույլ կտամ ներկայացնել իմ սեփական փորձը՝ գուցե երեք խմբակցությունների երիտասարդ պատգամավորներին պետք կգա: Օրինակ, օգտատերերից մեկն իմ մասին գրում է, որ ես Քոչարյանի մունետիկն եմ (ամենասարսափելի երազում չեմ պատկերացնում նման բան), հավանաբար՝ այն պատճառով, որ թերություններ եմ տեսնում նաեւ այս իշխանության մեջ: Ի՞նչ եք խորհուրդ տալիս, սկսեմ արդարանալ, պատասխանել՝ «բա դու ո՞վ դառար, որ ինձ նման մեղադրանքներ ես առաջադրում»: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ես արհամարհեմ այդ վիրավորանքը: Եթե մարդն ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ է նման բան գրում, ապա հույս կա, որ նա վաղ թե ուշ «կսառչի» եւ ավելի սթափ կդատի: Եթե նա միտում ունի այդ որակմամբ իմ գրածները վարկաբեկելու, ապա ի՞նչ արած՝ թող հավատացողները հավատան:

Ասածս ի՞նչ է: Պարտադիր չէ բոլոր ռեպլիկներին պատասխանել, եւ ամեն մի պատասխանի հետ բարձրացնել բանավեճի «ուժգնությունը»: Ի վերջո, խորհրդարանը միայն քարոզչության համար չէ, սեփական ընտրազանգվածներին «տղա» երեւալու, կամ «դուխով» լինելն ապացուցելու համար չէ: Ազգային ժողովը օրենսդիր եւ վերահսկողական մարմին է: Ընդ որում՝ ասելով «վերահսկողական», մենք՝ օրինապաշտ քաղաքացիներս, նկատի ունենք, որ խորհրդարանը պետք է վերահսկի գործադիր իշխանությանը, ինչն, իհարկե, տարակուսանք կառաջացնի «ՔՊ»-ականների շրջանում. «Մենք ո՞վ ենք, որ վերահսկենք վսեմաշուք եւ ազգընտիր Վարչապետին, որը ժողովրդի հայրն է»:

Համենայնդեպս, զուտ տեսականորեն, ըստ Սահմանադրության եւ այլ օրենքների, մենք` հարկատուներս, պատգամավորներին աշխատավարձ ենք տալիս դրա համար, ոչ թե «քուչի կռիվներ» սարքելու: Հասկանում եմ, որ իրականում «ՔՊ»-ին, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին ընտրողները ձայն են տվել հենց «քուչի կռիվների» ակնկալիքով: «Նախկիններին» ատողներն ընտրել են Փաշինյանին, ներկայիս վարչապետին ատողներն ընտրել են մնացած երկու դաշինքներին, եւ երեք խմբակցությունները գործունեություն են ծավալում՝ իրենց տրված «մանդատներին» համապատասխան: Բայց երբեմն կարելի է մոռանալ «մանդատի» մասին, եւ զբաղվել գործով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    8-րդի աշխատանքի մասին դեռ վաղ է խոսել, սակայն, 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորների աշխատող հատվածը հիմնականում պետականամետ և հասարակությանը միտված աշխատանք է տարել, համենայն դեպս ես այդպես եմ ընկալել: Իսկ թե ինչի էր միտված դրան նախորդող գումարումների իշխանական պատգամավորների միտքն ու եռանդը՝ բոլորիս է հայտնի:

    • Կարեն says:

      Եթե դու այդպես ես ընկալել, ուրեմն քո ընկալելու սպեկտրը շատ նեղ է կամ էլ դու մոլի ՔՊ-ական ես ու ձերոնց սխալն էլ ճշտի տեղ անց ես կացնում: Երևի քո նշած պետականամետ և հասարակությանը միտված աշխատանքը թոշակների ներկայիս խղճուկ չափն է և պատգամավորների բարձր աշխատավարձը, բարձր հավելավճարներն ու պարգևավճարները, պատերազմի ժամանակ Արցախի անկախությունը չճանաչելը, պատերազմի պարտությունից հետո թաքնվելը, իսկ հետո պարտված իշխանության գովերգելը և պարտությունը նախորդների վրա բարդելը, իրենցից մի քանի անգամ մեծ աշխատանքային փորձառությամբ նախկինների վերաբերյալ ճոռոմ-ճոռոմ խոսելը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031