Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին․ «Քաղաքական պատվե՞ր է եղել, որ ընդունել եք օրենք, որը հակասահմանադրական է ճանաչվել»

Օգոստոս 11,2021 22:11

ՀՀ Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այսօր առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:

Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում առաջարկեց միասին մշակել հանձնաժողովի տեսլականը, եթե լինի նման տեսլական, նաեւ առաջարկեց հանձնաժողովի ոլորտային դաշտում գտնվող կառույցների ղեկավարների հետ, եւ եթե բյուջեն թույլ տա՝ այցելել հայկական գաղթօջախներ։

«Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մի քանի հարց ուղղեց Սիսակ Գաբրիելյանին՝ ի՞նչ կարծիք ունի մի նախարարության մեջ միավորել չորս ոլորտներ՝ գիտություն, մշակույթ, սպորտ եւ կրթություն։ «7-ոդ գումարման ԱԺ-ում ընդունվեց մի օրենք՝ բարձրագույն կրթության մասին, որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչվեց։ Չեմ ենթադրում, որ այդ խմբակցությունում չկար մեկը, որը չհասկանար, որ խնդիր կա օրենքի հետ , այն դեպքում, երբ դուք ամենաշատն եք խոսել բուհերի ինքնավարությունից, քաղաքական պատվե՞ր է եղել այդ օրենքը ընդունել»,-հարցրեց Քրիստինե Վարդանյանը։

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․«Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ ինչպես ստացվեց, որ մեր ընդունած օրենքը ճանաչվեց հակասահմանադրական, գնանք այն կանխավարկածով, որ այդպես չպետք է լիներ, բերեք Սահմանադրությունը փոխենք, ՍԴ-ն էլ վերացնենք։ Ես արտառոց բան չեմ տեսնում, որ հակասահմանադրական է ճանաչվել, որովհետեւ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ օրենքներ են վիճարկվել ու հակասահմանադրական են ճանաչվել։ «Քաղաքական պատվեր»․․․ անկեղծ ասած՝ չհասկացա, ո՞ւմ կողմից պետք է լիներ պատվեր։ Ես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ եմ»։

Ինչ վերաբերում է նախարարությունների միավորմանը, Գաբրիելյանն ասաց, որ, մեծ հաշվով, պատգամավորներին չպետք է հետաքրքրի այդ նախարարության մեջ քանի ոլորտ է մեկտեղված, կարեւորը ներկայացված ծրագրի իրագործումն է։

Տիկին Վարդանյանը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկի հետ, որ գուցե պետք է բոլորով մտածեն, որ ակնհայտ կեղծ պատմական փաստերը աղավաղող տեղեկություն տարածելը օրենքով պատժվի․«Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ ԿԳՄՍ նախկին նախարար, ձեր թիմակից Արայիկ Հարությունյանը փաստաթուղթ էր տարածել, որը պատմագիտությունը հերքել էր դրա իսկությունը, ըստ որի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանն իբրեւ թե Անդրանիկ Օզանյանին հանձնել էր թուրքերին»։

Այս հարցին Սիսակ Գաբրիելյանը չպատասխանեց, ժամանակը չհերիքեց, ասաց եզրափակիչ ելույթում կանդրադառնա։ Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի առաջարկին, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ կողմ կլինի, բայց այս պահին պարզ չէ, թե Արծվիկ Մինասյանն ինչ նկատի ուներ եւ հատկապես որ արարքներն է ցանկանում քրեականացնել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031