ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այսօր առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:
«Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ օրինակ՝ նախաձեռնություն եղավ, որ առողջապահությունը որպես առանձին ոլորտ տրոհել, իսկ նման պատասխանատու հարցեր պարունակող կրթություն, գիտություն, սպորտ, սփյուռք՝ չտրոհել․ «Ես նույնիսկ հակառակը կպատկերացնեի, ենթադրենք՝ որոշ այլ մշտական հանձնաժողովներ կարելի էր միավորել, բայց այս հանձնաժողովը տրոհվեր»։
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն ասաց․ «Արդեն որպես թեկնածու կողմ կլինեի այս հանձնաժողովը տրոհելուն, բայց ունենք այն, ինչ ունենք։ Եկեք անցյալից չխոսենք, ստանձնել եմ այս պատասխանատվությունը եւ կփորձեմ արդյունավետ աշխատել՝ եթե ընտրվեմ»։
Վարդեւանյանը շարունակեց՝ այս մշտական հանձնաժողովի տիրույթում է գտնվելու է այն հարցը, որ ՍԴ-ն ասում է՝ հակասահմանադրական է այն բարեփոխումների փաթեթը, որով բուհերի կառավարման մոդելի փոփոխությունները հակասահմանադրական են, դրանից հետո ոչ թե անցում է կատարվում դեպի նրան, որ բուհերը ոչ թե ինքնավար լինեն, այլ հակառակը՝ կրկին գործադիր իշխանության դոմինանտ դերակատարմամբ արդեն իսկ ռեկտոր է նշանակվում օրինակ՝ ԵՊՀ-ում․ «Այս գործընթացի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք, գտնո՞ւմ եք, որ ՍԴ որոշումից հետո նման գործողություն կատարելը գոնե իրավաչափության տեսանկյունից պրոբլեմատիկ է, եւ առհասարակ, ի՞նչ հետապնդող նպատակ ունի բուհերի անկախությանը միջամտելը»։
Կարդացեք նաև
Սիսակ Գաբրիելյանն ի պատասխան ասաց, որ այո, այս հանձնաժողովի տիրույթում է, բայց այս հարցն ավելի շատ իրավական է․ «Որքան տեղյակ եմ, դուք երեւի կլինեք պետաիրավական հարցերի հանձնաժողովում, կարծում եմ համատեղ նիստ կանենք եւ կքննարկենք։ Նաեւ տեղյակ չեմ, որ իրավական ակտով է ԵՊՀ-ում ռեկտոր նշանակվել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ