Մոտ մեկ ամիս Տավուշի մարզի 8 սահմանամերձ գյուղերում և Բարդ քաղաքում դերասան և սցենարիստ Վարդան Պետրոսյանը բարեգործական ներկայացումներ անցկացրեց, որից ստացված ողջ հասույթը փոխանցվել է «Մշակութամետ» անհատական նախաձեռնությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտների համար գործիքներ և անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։
Նախաձեռնության համահիմնադիրներից Աննա Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախատեսված էր, որ Վարդան Պետրոսյանը իր «Հազար ու մի երգ» ներկայացումը պետք է խաղար Տավուշի մարզի 8 սահմանամերձ գյուղերում և Բարդ քաղաքում, սակայն պահանջն այնքան մեծացավ, որ Վարդան Պետրոսյանը ներկայացումը բերեց նաև Դիլիջան.
«Իրականում շատ գյուղերում ներկայացումը անվճար էր անցկացվում, քանի որ հասկանում էինք տեղացիների ֆինանսական դրությունը, սակայն երբեմն մարդիկ իրենց կամքով որոշ գումար էին փոխանցում նախաձեռնությանը աջակցելու համար։ Այս պահին մենք մտածում ենք, թե որ գյուղերում պետք է իրականացնենք «Մշակութամետը», պետք է հասկանանք տվյալ գյուղի կարիքները և ըստ դրա հասկանանք թե ինչ գործիքներ և պարագաներ են պետք երեխաներին, սակայն ես ուզում եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը իրականացնելու համար գլխավոր ներուժը դա կամավոր մարդիկ են»։
Կարդացեք նաև
Դանիելյանը նաև ընդգծեց, որ Վարդան Պետրոսյանի այս քայլը նաև փոքրիկ պատգամ է, որ հետագայում այլ հայ մշակութային գործիչներ միանան նախաձեռնությանը և այն վերածել մեծ շարժման. «Մենք գիտենք, որ «Մշակութամետը» նախաձեռնություն է, սակայն, եթե այն վերածվի շարժման մեր սահմանամերձ համայնքները ևս կկարողանան ունենալ պայմաններ ունեցող և ապրող մշակութային կյանք»։
Սաթենիկ Հովսեփյան
Լուսանկարները տրամադրել է «Մշակութամետը»: