Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան համայնքը՝ առանց ավագանու․ համայնքապետը երկընտրանքի՞ առաջ

Օգոստոս 11,2021 21:21

Կապան համայնքի ավագանու ինքնաբացարկ ներկայացրած անդամները չորեքշաբթի՝ օգոստոսի 11-ին բարձր տրամադրությամբ էին եկել համայնքապետարան։ Նախ` նրանք հրաժարական չներկայացրած իրենց գործընկերներին կես կատակ կես լուրջ հարցրին՝ կարող են նիստերի սեղանին մոտ նստել, թե ոչ, ապա՝ նստելով սեղանի շուրջ սկսեցին ստորագրել «Կապան համայնքի ավագանու 8 անդամների եւ Կապան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցման մասին» արձանագրությունը։

Հիշեցնենք, որ համայնքի ավագանու 15 անդամից 8-ը՝ օգոստոսի 9-ին ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ Մանդատները վայր դրած անդամները չեն պատճառաբանում իրենց հրաժարականը։ Չնայած սիրում են քաղաքականությունը, բայց հոգնել են։ Մեկը բիզնեսով է զբաղվելու, մյուսը՝ ժամանակ չունի, չի հասցնում։ Այնուամենայնիվ՝ Կապանի ավագանին արդեն լուծարված է։ Կապանի ավագանու կազմած արձանագրությունն ուղարկվելու է Սյունիքի մարզպետարան, այնտեղից էլ կառավարություն։ Ըստ գործող կարգի արձանագրությունը ստանալուց հետո կառավարությունը 20-օրյա ժամկետում պետք է ընդունի որոշում Կապան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը ներկա չէր արձանագրության ստորագրությանը։ Նա աշխատասենյակից այդպես էլ չիջավ նիստերի դահլիճ։ Հրաժարվեց նաեւ հանդիպել լրագրողների հետ, չնայած երկու օր առաջ խոստացել էր արձանագրությունը կազմելուց հետո պատասխանել լրագրողների հարցերին։ Իսկ հարցերը շատ էին՝ սկսած իշխանությանը հակադրվելուց մինչեւ հրաժարականի դիմում։ Aravot.am-ը հարցերը գրավոր կարգով կուղարկի Գեւորգ Փարսյանին։

Ինչեւէ, Սյունիքի մարզկենտրոնում շրջանառվող լուրերի համաձայն՝ Փարսյանը, որի լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, երկընտրանքի առաջ է։ Ըստ մի վարկածի՝ նա պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու առաջին անգամ Կապանում անցկացվող ավագանու բազմամանդատ ընտրությանը։ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը փարատում է համայնքապետի կասկածները։

«Որեւէ արգելք չկա, որ համայնքի ղեկավարը համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու թեկնածու առաջադրվի կուսակցության ցուցակով։ Ընտրվելու դեպքում ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավարին։ Կոնկրետ, Կապան համայնքի ղեկավարի լիազորությունները չեն ավարտվել, ու նա պիտի պաշտոնավարի մինչեւ ժամկետի ավարտ, քանի որ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով»,-Սեյրան Ավետիսյանը։

Ի դեպ, բացի Կապանի ավագանու արտահերթ ընտրություններից, այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նախատեսված են Սյունիքի մարզի Գորիսի, Մեղրիի, Տեղի, Տաթեւի համայնքներում։ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է, այս պահին կալանավորված է ընտրակեղծիքների մեղադրանքով։ Չնայած նրա պաշտոնավարման ժամկետը եւս ավարտված չէ, բայց ըստ շրջանառվող լուրերի նա եւս առաջադրվելու է ավագանու ընտրություններին։ Մեր աղբյուրի համաձայն, չի բացառվում, որ Գորիսի ավագանու անդամների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորի Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031