«Ամերիկայի ձայն». Հրաժարական ներկայացրեց Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն, որի մեկ տասնամյակ տեւած կառավարումն իր ավարտին կհասնի երկու շաբաթից: Հրաժարականի պատճառը տասնմեկ կանանց նկատմամբ թույլ տրված սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներն են:
Քուոմոյի խոսքերով, իր հրաժարականի պատճառը նահանգի կառավարումը բնականոն հունի մեջ դնելու նպատակն է եղել:
Հիշեցնենք, որ նրա հրաժարականն էր պահանջում նահանգային օրենսդիր մարմինը, որը ձգտում էր սկսել իմփիչմենթի գործընթաց:
Չնայած ներկայացրած հրաժարականին, Քուոմոն շարունակում է հերքել կանանց մտածված կերպով անհարգալից վերաբերմունքի արժանացնելու մասին մեղադրանքները: Նրա խոսքերով, այդ մեղադրանքներն ունեն «քաղաքական դրդապատճառներ»:
Կարդացեք նաև
«Ես հաճախ եմ գրկախառնվում ու համբուրում մարդկանց, լինեն կին, թե տղամարդ: Ես այդպիսին եմ եղել ամբողջ իմ կյանքի ընթացքում: Եվ իմ կարծիքով երբեք որեւէ մեկի հետ չեմ անցել թույլատրելիի սահմանները», ասել է Քուոմոն: Նրա խոսքերով, ինքը չի գիտակցել, թե որտեղ են հասել թույլատրելիի սահմանները: «Գոյություն ունեն սերնդի եւ մշակութային փոփոխություններ, որոնք ես ըստ երեւույթին պատշաճ կերպով հաշվի չեմ առել: Դա է իմ մեղքը», ասել է նա:
Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լեթիթիա Ջեյմսն ավելի վաղ ասել էր, թե ըստ տարբեր մարդկանց ներկայացրած ցուցմունքների, Քուոմոյի համար թիրախ են եղել նահանգային կառավարության ներկա ու նախկին աշխատակիցները:
Քուոմոյին նահանգապետի պաշտոնում փոխարինելու է դեմոկրատ Քեթի Հոչուլը: 62-ամյա Հոչուլը նախկին կոնգրեսական է, որը Նյու Յորքի պատմության մեջ կդառնա կին առաջին նահանգապետը: