Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի հետ լրացուցիչ 70 կմ երկարությամբ նոր շփման գիծ ունենալ, երբ ինքնուրույն ի վիճակի չենք պաշտպանելու նույնիսկ ներկայիս սահմանագիծը

Օգոստոս 11,2021 20:40

Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված «անկլավների փոխանակման» թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ «անկլավներին» կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։

Այս փաստը վկայում է այն մասին, որ Տավուշում ռուս զինվորականների տեղակայումը բխում է ոչ թե հայ֊ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման մասին ՀՀ վարչապետի առաջարկի, այլ “անկլավների” հետ կապված ինչ-որ ստվերային գործընթացների տրամաբանությունից։

Նախկինում մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, թե կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից Տավուշի, ինչպես նաև Արարատի մարզի “անկլավների” փոխանակումը ինչպիսի սպառնալիքներ կարող է ներկայացնել Հայաստանի համար։ Սակայն փորձ է արվում Հայաստանի քաղաքացիներին այս գործընթացը հրամցնել որպես փոխշահավետ, փոխադարձ զիջումներ ենթադրող գործընթաց` նկատի ունենալով Արծվաշենի անկլավի վերադարձի հեռանկարը։

Այս անգամ փորձեմ ներկայացնել «անկլավների» հնարավոր «փոխանակման» գաղափարի` մեզ համար մեկ այլ, էական սպառնալիք։ Եթե ենթադրենք, որ մենք Ադրբեջանին ենք վերադարձնելու 3 անկլավներ, ապա պետք է նկատի ունենանք, որ դրանց սահմանների ընդհանուր պարագիծը շուրջ 45 կմ է։

Սա նշանակում է, որ մենք Տավուշում և Արարատի մարզում ունենալու ենք 45 կմ երկարությամբ լրացուցիչ, անբարենպաստ առաջնագիծ։ Դեռ չեմ նշում ռելիեֆի, Ադրբեջանի կողմից անկլավների հետ  ֆիզիկական կապի հնարավոր պահանջի և այլ հանգամանքների մասին։

Օրինակ Վերին Ոսկեպարի հանձնման դեպքում ադրբեջանցիները տեղակայվելու են Լոռու մարզի սահմանից ընդամենը 2կմ հեռավորության վրա, անտառածածկ հատվածում, ինչը նշանակում է, որ Հայաստանի ևս մեկ մարզ ինչ-որ իմաստով փաստացի դառնալու սահմանամերձ։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ադրբեջանը մեզ է վերադարձնելու կոմունիկացիոն և ռազմավարական տեսանկյունից որևէ էական նշանակություն չունեցող Արծվաշենի անկլավը, ապա պետք է հաշվի առնենք, որ դրա սահմանի պարագիծը ավելի քան 25 կմ է։

Փաստորեն, եթե տեղի ունենա «անկլավների պարզ փոխանակում», ապա Ադրբեջանի հետ մեր առաջնագիծը երկարելու է ևս 70 կիլոմետրով։ Պատկերացնելու համար, թե ինչ հսկայական սահմանագծի մասին է խոսքը, նշեմ, որ դա ավելի երկար է, քան Երևանից Սևան ճանապարհը, շուրջ 2 անգամ ավելի երկար է Իրան֊Հայաստան պետական սահմանից։

Եվ սա այն պարագայում, երբ Ադրբեջանի հետ մեր շփման գիծը 44֊օրյա պատերազմի արդյունքում արդեն իսկ զգալիորեն ընդլայնվել է, երբ մենք այդ նոր բնագծերը պաշտպանելու տեսանկյունից մարդկային և ռազմական ռեսուրսի խիստ սահմանափակումներ ունենք, իսկ Ադրբեջանը այդպիսի խնդիր չունի։ Նաև սա է պատճառը, որ Ադրբեջանը պարբերաբար սադրանքի է դիմում առաջնագծի տարբեր հատվածներում, իսկ երբեմն էլ անարգել ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։

Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի հետ լրացուցիչ 70 կմ երկարությամբ շփման գիծ ունենալ, երբ ինքնուրույն ի վիճակի չենք պաշտպանելու նույնիսկ ներկայիս սահմանագիծը։

 

«Լույս» հիմնադրամի անվտանգության ու արտաքին հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031