Շնորհավորանքներ՝ ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նշելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքն սկսում է մեր երկրի համար բարդ ու դժվարին իրավիճակում, որոնց հաղթահարմանն ու հայրենիքի հետագա առաջընթացին եւ բարօրության կերտմանն իր օրենսդրական գործունեությամբ կոչված է նպաստելու նաեւ Ազգային ժողովը, Գարեգին երկրորդն իր հայրապետական օրհնանքն է հղել նորընտիր ԱԺ նախագահին եւ խորհրդարանին:
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ: Վեհափառ տերն իր շնորհավորանքներն ու կաթողիկոսական օրհնությունն է հայտնել ԱԺ նախագահին՝ մաղթելով հաջողություններ: Նա նաեւ միասնականության կոչ է հղել:
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն եւս շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ համոզմունք հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն երկխոսությունն ու գործակցությունը երկու խորհրդարանների միջեւ:
Կարդացեք նաև
Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ պատրաստակամ են շարունակելու Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունների զարգացումն ու խորհրդարանական գործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Նորընտիր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանք է ստացել նաեւ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Ճանշուից:
Ալեն Սիմոնյանին շնորհավորել են Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, Լիտվայի Հանրապետության Սեյմասի նախագահ Վիկտորիյա Չմիլտե-Նիելսենը:
ՀՀ Ազգային ժողով