«Մենք ականատես եղանք միմյանց հասցեին հնչած վիրավորանքների, դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ․․․Ո՞րն է պատճառը, պատճառների մասին խոսում ենք գրեթե բոլորս, ընդդիմությունն ունի իր տեսակետը, իշխանությունը՝ իր տեսակետը։ Եվ ես դա համարում եմ նորմալ, որովհետեւ ԱԺ-ն ձեւավորվել է հենց այդ տրամաբանությամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ Ինչպես հայտնել էինք, ԱԺ դահլիճում այսօր թեժ վիճաբանություն եղավ, անվտանգության աշխատակիցները ներս մտան, նիստն ընդմիջվեց։
Վանեցյանը հավելեց․ «Մեկ շաբաթում ՔՊ պատգամավորները մշտապես իրենց ելույթներում անդրադառնում են մի թեզի եւ փորձում հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե իրենք եկել են այստեղ աշխատելու, ուզում են լավ գործեր անել, արագ ավարտել ԱԺ ձեւավորման գործընթացը եւ անցնել աշխատանքի։ Հարգելի գործընկերներ, այո, դուք ստացել եք մեր քաղաքացիների քվեն, որի արդյունքում ձեւավորել եք կառավարություն։ Երկրում բարեփոխումներ բերելը, երկրի անվտանգությունն ապահովելը, երկրի սահմաններն անսասան պահելը՝ ուղիղ ձեր պարտականությունն են եւ ձեր պատասխանատվությունը։ Ընդդիմության պարտականությունը եւ պատասխանատվությունն էլ ընդդիմադիր լինելն է իշխանություններին, քննադատելը վերջինիս։ Երբեմն այդ քննադատությունը լինելու է շատ սուր, երբեմն՝ ոչ հաճելի ձեզ եւ ձեր գործընկերներին։ Մեզ ԱԺ գալ են պատվիրակել այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն եղել ձեր կառավարման հետ, եւ մեզ մեղադրել նրանում, որ մենք ձեզ քննադատում ենք, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Տեղից միշտ ռեպլիկներ եւ ելույթներ են լինում, որոնք շատ դեպքերում մի հին ու լավ անեկդոտ են ինձ հիշեցնում։ Մեկի թեկնածությունը ներկայացնելիս դահլիճից մեկն ասում է՝ էս մարդու աղջիկն անբարոյական է։ Հետո սկսում է արդարանալ, ասել, որ նման բան չկա, որովհետեւ աղջիկ չունի։ Ասում է՝ դե գնա ապացուցի։ Հիմա անպատասխանատու ինչ-որ հայտարարություններ եք անում, հիմնազուրկ, որից հետո փորձում եք ապացուցել, որ նման բան չկա»։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ համագործակցության վերաբերյալ առաջարկին, Վանեցյանը նշեց․ «Ձեր առաջարկը տրամաբանական կլիներ, եթե չեղարկեիք կարգապահական տույժերը։ Թեեւ ես գիտեմ, որ ԱԺ նախագահը նման լիազորություն չունի, բայց գոնե քաղաքական հայտարարություն անեիք․․․Որեւէ մեկը կասկած ունի՞, որ եթե ՀՀ-ին ինչ-որ արտաքին սպառնալիք լինի կամ պետք լինի մեր միասնական որոշումը՝ ՀՀ պետական շահն առաջ մղելու, մենք դեմ կլինենք կամ միասնական չենք գործի։ Ոչ, հավատացեք, որ գործելու ենք միասնական։ Բայց նաեւ տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրենց ելույթներով, երբեմն՝ տեղից ոչ նորմալ ռեպլիկներով ստեղծել իրավիճակ, որ ընդդիմությունը չսկսի խոսել ավերիչ պատերազմի հետեւանքների մասին։ Հարցերի պատասխանները պետք է տրվեն, այդ հարցերը մենք մշտապես բարձրաձայնելու ենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ