Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Կովկասն է․ այստեղ կարելի է փիլիսոփայել բաց լինելու եւ տիեզերքի մասին, բայց հարաբերությունները կառուցվում են ուժի, ազգային տնտեսության վրա»․ Արմեն Գեւորգյան

Օգոստոս 11,2021 18:08

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր ԱԺ լիագումար նիստում իր ելույթում հայտարարեց․ «Պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծն ու աշխարհաքաղաքականությունը, իսկ պատերազմի հետեւանքները փոխել են ՀՀ-ի եւ Արցախի դերն այս ճարտարապետության մեջ։ Մեզ, այնուամենայնիվ, վիճակված է ապրել այստեղ, եւ հարեւաններին չեն ընտրում։ Դրա համար պետք են արժանապատիվ խաղաղություն եւ տարածաշրջանային գործակցություն, որը մեր պետությունը պետք է կառուցի՝ ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ»։

Արմեն Գեւորգյանի խոսքով․ «Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու երկարաժամկետ։ Տարածաշրջանում զարգացման հնարավորությունները բոլորի համար պետք է լինեն շահավետ»։ Արմեն Գեւորգյանը նշեց՝ մենք ինքներս պետք է պատասխանենք երեք հարցի․

1.Կարո՞ղ է Հարավային Կովկասը դառնալ խաղաղության ու համագործակցության գոտի,

2.Հնարավո՞ր է արդյոք այս տարածաշրջանը դարձնել ընդհանուր տնտեսական շուկա, կարո՞ղ է Հայաստանը հանդես գալ տարածաշրջանային համագործակցության նոր նախագծերի նախաձեռնությամբ,

3.Ունի՞ Հայաստանը բավարար հնարավորություններ՝ տարածաշրջանի համագործակցությունը խթանելու համար։

Գեւորգյանի բնորոշմամբ․ «Այս հարցերի պատասխանները պետք է պարունակեն երեք տարր՝ պրագմատիզմ, հայրենիքի զգացողություն եւ պատասխանատվություն․․․Սա Կովկասն է․ այստեղ կարելի է փիլիսոփայել ազատականության, բաց լինելու, կյանքի նոր իմաստի եւ տիեզերքի մասին, սակայն պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են ուժի, ազգային տնտեսության ու արտադրողի պաշտպանության խիստ կանոնների վրա։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այսօր գտնվում է ուժեղ ճնշման ներքո՝ բացելու տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։ Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր։ Այսպիսին է իրականությունը, որը մեզ համար ձեւավորում է նոր՝ երկարաժամկետ ռիսկեր։

Արմեն Գեւորգյանի բնորոշմամբ․ «Այս իրականությունն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց ու թափանցիկ։ Պետք է պարզ դառնա՝ արդյոք ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռեւս կա՞ն չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ։ Տեսանելի է, որ որոշում է կայացված ճանապարհների ապաշրջափակման։ Նույնիսկ այդ իրողության պայմաններում պետք է փորձել ձեւավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր: Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է՝ օգտագործել առկա ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետեւանքները մեղմելու եւ հայ ժողովրդի համար ավելի բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վտանգավոր միտումները կանխելու համար։ ՀՀ-ն պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքի մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով։ Վերջապես անհրաժեշտ է լարումով անցնել գործնական քայլերի ՝ Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ: Հատկապես Սյունիքում նման ծրագրերի մեկնարկն ուժեղ ուղերձ է լինելու առ այն, որ ՀՀ-ն իր տարածքների տերն է»։

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031