Երեւանի Կենդանաբանական այգու նախկին եւ ներկա աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում, նրանց պահանջները շատ են ու տարբեր։ Նախ՝ աշխատակիցները դեմ են այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի նշանակմանը։
Լրագրողների հետ զրույցում այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը պատմեց, որ 2019-ին Ռուբենը Խաչատրյանն ազատվեց տնօրենի պաշտոնից, քաղաքապետարանը խոստացել էր, որ այդ պաշտոնը ոչ նշանակովի է լինելու, այսինքն՝ մրցույթի միջոցով․ «Մեկուկես տարի ԺՊ նշանակվեց փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը, այդ ընթացքում ոչինչ չարվեց, տնօրենի ընտրություն չեղավ։ Ստեղծվեց կառավարման խորհուրդը։ Հիմա քաղաքապետարանն ասում է՝ Սիմոնյանը չի համապատասխանում այդ պաշտոնին։ Իսկ նշանակելիս ինչո՞ւ չեն պարզել՝ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս ընթացքում չի եղել մի արտառոց բան, որից պարզ կլիներ, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին»։
Կարդացեք նաև
Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ թեեւ ինքը նախկին աշխատակից է, բայց մասնագիտությամբ անասնաբույժ է, մտահոգ է Կենդանաբանական այգու ճակատագրով, ասաց, որ իրեն առաջարկվել է վերադառնալ աշխատանքի, սակայն անձնական խնդիրների պատճառով չի կարող վերադառնալ։
Կենդանաբանական այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի՝ Արեւիկ Մկրտչյանի նշանակման մասին էլ տիկին Ռաֆայելյանն ասաց ՝ նա սերտ կապեր ունի Ռուբեն Խաչատրյանի հետ․ «Այդ կնոջ նշանակումով ծրագրվում է Ռուբեն Խաչատրյանի վերադարձն այլ կերպարով։ Այդ կինը այգու միջազգային կապերն է ներկայացրել, բայց իր աշխատած տարիներին միայն վնաս է հասցրել, եղել են կենդանիների ոչ համարժեք փոխանակումներ։ Կարծում եմ՝ կոռուպցիոն գործարքներ են եղել, կան հարուցված քրեական գործեր, երեք տարի է՝ քննվում է, արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ նա կոմպետենտ չէ։ Նրան աշխատանքից հեռացրել էին, դատարանն էլ վճռեց, որ օրինական էր աշխատանքից ազատման որոշումը»։
Տիկին Ռաֆայելյանի ներկայացմամբ՝ քանի որ ստեղծվել է հանրային խորհուրդ, այն պետք է ի պաշտոնե մասնակցություն ունենա նշանակմանը․ «Պահանջում ենք հանրային խորհրդի հետ մենք մի քանի հոգով խումբ կազմենք, հանդիպենք, որպեսզի պարզաբանեն՝ ի՞նչ չափանիշներով են նրան նշակել, ո՞ր արժանիքների համար։ Նախկինում Ռուբեն Խաչատրյանի հիմնադրամն իր աշխատակիցներով հովանավորվել է Սերժ Սարգսյանի կողմից, հիմա էլ՝ ներկա կառավարության»։
Այգու աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ իրենք չեն հավատում, որ այս նշանակումով այգում բարեփոխումներ կլինեն, ասաց՝ ճիշտ հակառակը, ինչպես նախկինում կային կոռուպցիոն գործարքներ, հիմա էլ շարունակվելու է։
Այգու աշխատակիցների մեկ այլ պահանջն էլ այգու վիճակը չխեղաթյուրելն է․ «Մեր պահանջն այն է, որ Կենդանաբանական այգին չվերածվի խոտածածկի, ուզում ենք կենդանիներ տեսնել այստեղ, ոչ թե սրճարաններ, կարուսելներ։ Մարդիկ ուզում էին լավ բաներ անել, կենդանիներ բերեին, հիմա դա չի ստացվում։ Ուզում ենք հանգիստ աշխատել։ Ամեն դեպքում՝ չեմ հավատում, որ իրենք գալիս են լավ բան անելու համար, եթե լավ բան էին անելու, ապա ինչո՞ւ 8 տարվա կառավարման ժամանակ չարեցին»։
Ցույցի մասնակիցներն ասացին, որ կսպասեն մի շաբաթ, մինչեւ քաղաքապետարանի պարզաբանմանը, ապա ցույցերը կշարունակեն, եթե իրենց պահանջները չկատարեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Տեսանյութը՝ շուտով