Լրահոս
Օրվա լրահոսը

«200 000 դոլարի եւ 90 մլն դրամի փոխառություն․ ի՞նչ գումարներ են սրանք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արմեն Գեւորգյանին

Օգոստոս 11,2021 17:02

«Ձեր ճակատագիրը սերտ կապված է եղել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ՝ այն պահից, երբ դուք եւ Վիգեն Սարգսյանը ուսումնառությունից հետո եկաք ՀՀ եւ գուցե միանգամից ընդգրկվեցիք որոշակի գործառույթներում։ Ձեր 2018թ․-ի հայտարարագրում ասված է, որ դուք փոխառությամբ՝ պարտքով տվել եք 200 հազար դոլար եւ 90 միլիոն դրամ։ Բացատրեք, ի՞նչ գումարներ են սրանք»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից այսօր ԱԺ լիագումար նիստում հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա շարունակեց․ «Որքան հասկանում եմ՝ 96թ․-ից միայն պետական պաշտոններ եք զբաղեցրել։ Բացի այդ, վերջերս դատարանը որոշել էր ձեզ բերման ենթարկել նիստերի դահլիճ։ Կհիշեցնե՞ք՝ ի՞նչ քրեական գործի շրջանակում։ Եվ ճի՞շտ են հրապարակումներն այն մասին, որ ձեր կինը Չեխիայում ունի անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն»։

Արմեն Գեւորգյանը պատասխանեց․ «Չգիտեմ, թե որ թվականի հայտարարագիրն եք նայել, բայց դա այն աշխատավարձն է, որը ստացել եմ Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման հիմնադրամում։ Քրեական գործից տեղեկացնելու կարիք չկա, կարծում եմ՝ մամուլից տեղյակ եք։ Իսկ կնոջս հետ կապված՝ այո, դա ճիշտ է։ 2016թ․-ին գրվել է այդ մասին, չի հերքվել»։

Քոչարյանը ճշտեց՝ այսինքն, որեւէ կոռուպցիոն բան չկա՞ այս ամենի մեջ։ «Ոչ»,-պատասխանեց Արմեն Գեւորգյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031