Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Կոնջորյան, երբ շեֆ եք ասում, ո՞ւմ նկատի ունեք»․ Մանուկյանը թվարկեց Կոնջորյանի շեֆերին

Օգոստոս 11,2021 16:02

«Պարոն Սիմոնյան, մեկ ճշտում։ Օրինակ՝ մի պաշտոնի համար քավորին դավաճանելը համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան։ Հոմանիշը ո՞րն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի ղեկավար Հայկ Կոնջորյանի նկատառմանը, թե իրենց տղամարդության դասեր տվող Իշխան Սաղաթելյանը «Հայրենիքի փրկության շարժման» օրերին մի տեսանյութում փախնում էր ոստիկաններից, Գեղամ Մանուկյանը նշեց․ «Իշխան Սաղաթելյանը շեֆ ունի՝ անձ չէ, այլ կուսակցական ղեկավար մարմին, բայց մենք երբեք շեֆ չենք փոխում։ Պարոն Կոնջորյան, երբ շեֆ եք ասում, ո՞ւմ նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե ժամանակին «ՀԺԱՄ»  կուսակցության ձեր ղեկավարին, թե սրբություն համարվող «Լուսավոր Հայաստանի» ձեր ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Գիտեք, շեֆը մի անգամ է լինում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իշխող խմբակցությունը մեկ շեֆ ունի եւ դա ՀՀ ժողովուրդն է»։

Գեղամ Մանուկյանը, նկատի ունենալով Իշխան Սաղաթելյանին, նաեւ նշեց․ «Երեւանի քաղմասերը կարող եմ ցուցակագրել։ Երեւի քաղմաս չկա, որտեղ Իշխան Սաղաթելյանը մի քանի ժամով եղած չլինի։ Եթե կուսակցությունը որոշում է, որ իր առաջնորդն այդ պահին չպետք է բերման ենթարկվի․․․ չորս հազար ոստիկան էին այդ օրը հանել փողոց, որ Փաշինյանը հիսուն մետր քայլի։ Այդ օրը որոշել էինք, որ Սաղաթելյանը չպետք է բռնվի։ Մեր կուսակցականներին բերման էին ենթարկում։ Չէինք վախենում բռնվելուց, ուղղակի այդպես էինք որոշել։ Ինչ վերաբերում է փախնելուն, ձեր շեֆին հարցրեք, որը տեսախցիկի առաջ պատմում էր, թե մարտի մեկին ոնց է տանիքներով փախնում։ Սովորաբար, պայքարի մարդկանց առաջնորդը մնում է մինչեւ վերջ։ Երբ փախնելու մասին եք խոսում, հիշեք, որ նոյեմբերի իննի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո բունկեր էին ման գալիս, որ մեջը մտնեն։ Հիշեք, որ երկու ամիս լրագրողները մոմի լույսով իշխանական պատգամավոր էին փնտրում։ Այո, Արարատ Միրզոյանի հանդեպ կատարվածը դատապարտելի է, բայց դա չի նշանակում, թե քաղաքական ուժը պետք է դադարեր գործելուց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031