«Քաղաքական մեծամասնությունը չի կարող որոշել, թե ընդդիմությունը ինչպես եւ ինչպիսի ելույթ պիտի ունենա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ ընդդիմության համար սահմաններ գծելու իշխանության փորձերը հաջողություն չեն ունենալու:
Նա Ալեն Սիմոնյանին հորդորում է կողմնորոշվել` ինքն ԱԺ նախագա՞հ է, թե՞ ՔՊ վարչության անդամ եւ մնալ իր տեղում ու դերում: «Պատգամավորների հետ որեւէ մեկն իրավունք չունի նման ձեւով խոսելու: Մենք տալիս ենք քաղաքական գնահատական եւ այսօրվա մեծամասնության ներկայացուցիչները պետք է համակերպվեն, պետք է նստեն եւ լսեն այն բոլոր քաղաքական գնահատականները, որոնք հնչում են ընդդիմության կողմից»,- ասաց նա:
Եթե իշխանությունն իրեն շարունակի այդ կերպ պահել, ընդդիմության արձագանքը կլինի համապատասխան. «Մենք չենք եկել այս խորհրդարան`ջան ասենք, ջան լսենք: Մենք եկել ենք ասենք իրականությունը: Այս խորհրդարանի ամբիոնը մեզ համար դիմակներ պատռելու, մեր հասարակությանը, ժողովրդին իրականությունն ասելու ամբիոն է: Եթե իրենց թվում է, որ կարող են հայրենիքի մի մասը հանձնել, երկրի տարածքային ամբողջականությունը եւ առհասարակ պետության գոյությունը դնեն հարցականի տակ ու գան այդ ամբիոնից հպարտ-հպարտ շարունակեն իրենց ելույթները եւ պատասխան չստանան՝ սխալվում են»:
«Սահմանադրության հեգնանքն իրենք են, որ հայտնվել են խորհրդարանում առհասարակ եւ այդ հեգնանքի պատճառով էր, որ 2018 թվականին տեղի ունեցավ այդ դժբախտությունը, որն այսօր երկիրը հասցրեց այս իրավիճակին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ ընդամենը պետք է գրագիտություն ունենալ եւ հասկանալ, որ օրենսդրական կարգավորումների արդյունքում են քաղաքական ուժերը ներկայացված լինում խորհրդարանում:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան՝ ո՞ւր է տանելու այս իրավիճակը, Իշխան Սաղաթելյանը վկայակոչում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ Արմեն Ռուստամյանի ելույթը եւ դրան ի պատասխան հնչած ելույթները: Իշխան Սաղաթելյանը տարակուսած է հատկապես ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի հայտարարությունից, թե Արցախը 1992-ին է հանձնվել, Արցախի ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանին էլ ՀՅԴ-ականներն են «սպանել» եւ նկատում է, որ այս «անլուրջ» իրավիճակում բարդ է պատկերացնել կոնսենսուսը: «Արթուր Մկրտչյանի ձեռքբերածը եւ պայքարի առանցքը իրենք տվեցին թուրքին: Արթուր Մկրտչյանի անունը անգամ իրենք իրավունք չունեն տալ»,- ասաց նա` հավելելով. «Ասում են`«մռմռում եք», այո, մռմռում ենք, որովհետեւ տվել եք Շուշին, Հադրութը»:
Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ գործող իշխանությունը պատրաստվում է գնալ նոր զիջումների՝ իրենց կողմից «ադրբեջանական անկլավներ» կոչվող տարածքները հանձնելու եւ այս փաստաթուղթն էլ կներկայացվի ձեռքբերում, ժողովրդին կխոստանան հարյուր տոկոսանոց խաղաղություն, բայց դա կլինի «մեր պետականության ավարտը»: Նա հիշեցնում է, որ Արցախը հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն էր խոստանում, անցել է 9 ամիս եւ թշնամին օրեցօր մոտենում է: Հուսով է, որ հասարակության աչքերը կբացվեն:
ԱԺ-ում անվտանգության ռեժիմի խստացումը, լրագրողների աշխատանքի սահմանափակումներն, ըստ ԱԺ փոխնախագահի, իշխանության սարսափած լինելու վկայությունն են, «որովհետեւ գիտեն`ի՞նչ են արել, հավանաբար պատկերացնում են նաեւ, թե ի՞նչ են անելու». «ԱԺ ճաշարան մտնում ես, ոնց որ զինվորական ճաշարանում լինես: Եթե զինվորական տղաներին կանչել են, որ իրենք ամբիոնից ճոռոմ-ճոռոմ խոսեն`չի ստացվելու»:
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ քննարկում են համագործակցված աշխատանքի տարբերակները:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ