Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մարդիկ գիտակցաբար գործում են գիտնականների հեղինակության դեմ». Արամ Փախչանյան

Օգոստոս 11,2021 14:35

«The International Science and Technology Center (ISTC)-ն, ԵՊՀ-ն եւ «Գիտուժը» փորձում են համատեղ նախաձեռնություն իրականացնել, որի նպատակը վարկածների «թեսթ» անելն է, պարզելու համար թե ինչպես պետք է հարաբերվեն լրագրությունը, գիտությունը եւ տեխնոլոգիաները: «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ասաց ISTC տնօրեն Արեգ Գեւորգյանը: Ի թիվս այլնի, նա խոսեց ԵՊՀ-ում մագիստրոսական ծրագրի մասին, որի արդյունքում կպատրաստվեն կադրեր, որոնք ավելի գրագետ կխոսեն գիտության եւ տեխնոլոգիաների մասին: Մի խոսքով, Science and Technology Journalism Bootcamp-ը ինտենսիվ ծրագիր է, որի ընթացքում ուսանողները կանցնեն մի շարք ուղղություններով դասեր, կվերապատրաստվեն իրենց գրագետ առաքելությունն իրականացնելուն:

Հանդիպման խոսնակներից Արամ Փախչանյանի («ԱՅԲ» կրթական հիմնադրամ) թեման էր՝ «Գիտության ուժի, Հայաստանի ապագայի և մեր մասին»։ Նա լսարանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր «թեստ» արեց, նախ հարցրեց, թե ներկաներից ովքեր են լսել հարթերկրայինների մասին: Ապա ասաց, որ ինքը ճանաչում է մարդկանց, որոնք համարում են, որ երկիրը հարթ է եւ որոնց հնարավոր չէ հակառակը համոզել:

«Որպեսզի դուք պատկերացնեք, թե դա ինչպես է ընթանում, առաջարկում եմ մի փոքր վարժանք անել…Պատկերացրեք ես 13-րդ դարի մարդ եմ, դուք էլ պատահական հայտնվել եք մեր դարում, ինձ բռնացրել եք իմ տանը: Դուք եկել եք ապագայից եւ փորձում եք ինձ համոզել, որ երկիրը գունդ է»,-ասաց Արամ Փախչանյանը ու ներկաներին առաջարկեց փաստարկներ բերել՝ ապացուցելու համար, թե ինչու է Երկիրը կլոր:

Որոշ փաստարկներ լսելուց հետո Փախչանյանն ասաց, որ միակ միջոցը մարդկանց գիտելիքների մեջ համոզելու՝ հեղինակություն լինելն է. «Դուք պետք է հեղինակություն լինեք, որ ձեզ հավատան…Հիմա լիքը մարդիկ գիտակցաբար գործում են գիտնականների հեղինակության դեմ, որովհետեւ իրենց դուր է գալիս կառավարել ամբոխներին՝ անկապ գաղափարներ տարածելով, լայքեր հավաքելով, դրա վրա միլիոններ վաստակելով: Իրենք թքած ունեն գիտության, ապագայի եւ ամեն ինչ վրա: Ցինիկ մարդիկ են, որոնք մարդկանց խաբում են՝ առաջին հերթին կործանելով գիտնականների հեղինակությունը, որովհետեւ հենց դա եղավ, մենք վերադառնում ենք մութ դարեր, երբ մարդիկ ոչնչի չէին հավատում կամ հավատում էին նրան, ինչին ուզում էին»,-ասաց բանախոսը:

Ապա հավելեց. «Մենք որպես գիտության ջատագովներ, գիտնականներ պետք է գիտակցենք, որ հայտնվել ենք մի դարում, որտեղ իրականում կտրուկ հետընթաց է գնում… Գիտությունը պետք է իրական հեղինակություն լինի, իրապես պատմի, թե ինչպիսին է, ոչ թե ամեն մի դեռ վերջնական չհաստատված տեսությունից դարձնենք բացարձակ ճշմարտություն, մարդկանց համոզենք, որ այդպես է, ու հետո մարդիկ իրենց խաբված զգան եւ չվստահեն, այլ պատմենք, որ կա նման վարկած, հետաքրքիր կլինի, որ այն հաստատվի, ինչ հետեւություններ կլինեն, երբ հաստատվի եւ այլն…

Բայց նաեւ երկու բան է պետք հաշվի առնել, եթե շփվում ենք մտածող մարդկանց հետ՝ մարդն իր բնությամբ ռացիոնալ էակ չէ: Ռացիոնալ վարքագիծը բերում է ինքնաոչնչացման: Օրինակ, եթե ռացիոնալ մտածես, կյանքն իմաստ չի ունենա: Մարդն իռացիոնալ էակ է, իր որոշումներ իրականացնում է ինտուիտիվ, ոչ թե տրամաբանական ձեւով: Դա պետք է հաշվի առնել մարդկանց հետ մեր բոլոր շփումներում, որ մարդիկ իռացիոնալ են եւ ռացիոնալ մտքով իրենց համոզելն անհնարին է…

Այնպես որ՝ համոզելիս պետք է լինել էմոցիոնալ, ոգեւորիչ, բարի ժպիտով, լավ ձայնով: Նման մարդկանց մարդիկ վստահում են: Դառը դեմքով մարդկանց չեն վստահում: Երկրորդ բանը, որ ուզում էի ասել՝ քննադատական մտածողությունն էլ ձեռքբերովի հատկություն է եւ մարդուն բնորոշ չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031