«Պարբերաբար ինքնիրավչությամբ է զբաղված, ցինիկ, փողոցային բառապաշարով ընդհատում է պատգամավորներին: Մեկնաբանություններ է տալիս մեր ելույթներին: Գրաքննիչի դեր է իրեն վերապահել, ինչը բացարձակ ինքնիրավչություն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցողին եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքին:
«Մենք ասել ենք`«Նիկոլ, կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու». ի վերջո, այն քաղաքական ղեկավարությանը եւ այն քաղաքական ուժին, որը մեր հայրենիքի 75 տոկոսը տվել է թուրքին, մեր թշնամուն: Մենք ունենք մեր հստակ գնահատականը. սա կապիտուլյանտ իշխանություն է: Քաղաքական գնահատականները այստեղ հնչեցնելու մենք ամբողջական իրավունք ունենք»,- ասաց Լիլիթ Գալստյանը` հավելելով, որ Ալեն Սիմոնյանն իրեն ամեն անգամ թույլ է տալիս խմբագրել ընդդիմադիրների ելույթները, ձայնից զրկել նրանց, երբ ԱԺ կանոնակարգը նման գործառույթ նրան չի տալիս: Այս ամենով հանդերձ, Լիլիթ Գալստյանը փաստում է, որ ընդդիմությունը շարունակում է իշխանությանը հորդորել`մնալ կանոնակարգի սահմաններում:
Լիլիթ Գալստյանի գնահատմամբ, իշխանական պատգամավորն իրեն գնահատականներ թույլ տվեց, որը բնորոշ է փողոցային խոսույթին: Խոսքը Նարեկ Գրիգորյանի մասին էր: Ինչեւէ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ընդդիմության քաղաքական գնահատականն իշխանությանը մնում է նույնը, որի իրավական արձագանքը ավելի ուշ կտրվի:
Ընդդիմադիրներն, ի դեպ, լքել են նիստերի դահլիճը:
Կարդացեք նաև
Քիչ ուշ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ իրավական գործընթաց են սկսել ԱԺ ղեկավարի դեմ, ավելի ուշ կլինեն նաեւ լուծումներ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ