Ինչպես հայտնել էինք, ԱԺ դահլիճում այսօր թեժ վիճաբանություն եղավ, անվտանգության աշխատակիցները ներս մտան, նիստն ընդմիջվեց։
Նիստի վերսկսումից հետո «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։ «Երբ Իշխան Սաղաթելյանը համարձակ ելույթ է ունենում ու փորձում տղամարդության վարժանքներ անել․․․Պարոն Սաղաթելյան, ասում եք, թե Ալեն Սիմոնյանն իր շեֆից է հրահանգներ ստացել։ Իսկ ձեր ելույթը ձեր շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվա՞ծ էր։ Կամ երբ ասում եք, թե «կսրեք», մենք հիշում ենք ձեր՝ «սպրինտերի» արագությամբ վազքն այն ժամանակներում, երբ որոշել էիք փրկել հայրենիքը։ Այդ վազքի պայմաններո՞ւմ եք սրելու»,-հարցրեց Կոնջորյանը։
«Հայաստան» դաշինքի շարքերից աղմուկ բարձրացավ։ «Սուտը դու ես խոսում, պապանձվի։ Երբ դուք եք խոսում, ես հանգիստ լսում եմ»,-ասաց Կոնջորյանը տեղից բղավող Գեղամ Մանուկյանին։
Ապա Հայկ Կոնջորյանը նշեց, որ երբ եկել էր ամբիոնի մոտ խոսելու, դաշինքի փորձառու պատգամավորներն աղմկում էին, խաթարում իր խոսքը․ «Կարծում էի, որ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը կսաստի գործընկերներին, որովհետեւ երբ պարոն Օհանյանը խոսում է, ես գոնե փորձում եմ անել այնպես, որ իրեն լսեն։ Պարոն Օհանյան, կամ դուք չէիք ուզում վերականգնել ԱԺ-ի բնականոն աշխատանքը, կամ չէիք կարող, որովհետեւ դուք փաստացի չեք հանդիսանում ձեր խմբակցության ղեկավարը․․․գուցե․․․»։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը տեղից վեր կացավ ու բղավեց, սակայն լսելի չէր։
«Երբ ձեր շեֆերը կլսեն այս ելույթները, կհասկանաք, որ անիմաստ խոսակցություն բերեցիք ձեր վրա»,-դիմեց ընդդիմությանը Կոնջորյանը։
Ապա տեղից խոսող «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանին հորդորեց լռել, որովհետեւ ԱԺ-ն իր հեռուստատեսային տաղավարը չէ։
Ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իշխանության եւ ընդդիմության անունից ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ միջադեպի համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ