Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս համատեքստում «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ հանրապետության բոլոր մարզերում եւ համայնքներում տարատեսակ միջոցառումներ են նախաձեռնված՝ տոնի առիթով: Նա ներկայացրեց մասնավորապես մայրաքաղաք Երեւանում եւ երիտասարդության մայրաքաղաք Կապանում կայանալիք միջոցառումները, որոնք ի թիվս այլ կազմակերպությունների, համատեղ են նախաձեռնվել «Լոֆթի» հետ:
«Փորձում ենք այնպիսի միջոցառումներ իրականացնել, որոնք կհետաքրքրեն երիտասարդությանը, պետության առաջ ծառացած խնդիրների մասին կբարձրաձայնեն եւ կփորձեն լուծումներ փնտրել»,-ասաց Գոհար Մամիկոնյանը: Հավելեց, որ թեեւ որպես Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանը շեշտադրված է, բայց ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնություն է ցուցաբերել միջոցառումներ իրականացնել բոլոր մարզերում՝ մարզային գործընկերների աջակցությամբ:
«Լոֆթի» տնօրեն Արեւիկ Համբարձումյանը խոսելով իրենց կենտրոնում կազմակերպվելիք միջոցառման մասին, ասաց, որ խոսքը միայն քննարկման մասին չէ. «Բավականին մեծ միջոցառում է լինելու, որին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 200 երիտասարդ: Որպեսզի ավելի հետաքրքիր լինի եւ մենք ունենանք ավելի հետաքրքիր արդյունք, որոշեցինք կազմակերպել fishbowl-ի ձեւաչափով բաց քննարկում երիտասարդների մեջ՝ վերցնելով չորս հիմնական ուղղություն: Ակվարիումի մեթոդը հենց դա է պահանջում՝ չորս խոսնակ ընտրելով, չորս կարեւոր թեմա առանձնացրինք»:
Առաջինը մրցունակ կրթությունը, գիտությունը, ինովացիան եւ ոչ ֆորմալ կրթությունն են, եւ այս թեմայի խոսնակը Արամ Փախչանյանն է, հաջորդ թեման մարզերում երիտասարդների սոցիալական անարդարության եւ համաչափ զարգացվածության մասին է, որի խոսնակը, մոդերատորը Մայիս Մարգարյանն է լինելու, երրորդ թեւի թեման է «Բուհից միջեւ աշխատաշուկա», այստեղ Հայաստանի HR ասոցիացիայի նախագահ Արփի Կիրակոսյանն է լինելու մոդերատոր, իսկ չորրորդ թեման «Պարենային անվտանգությունն» է, որի խոսնակը կլինի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Կարդացեք նաև
«Այս թեմաներն առանձնացրել ենք, որպեսզի երիտասարդների հետ զրուցենք իրենց կարողությունների եւ հնարավորությունների մասին, թե ինչ են առաջարկում այս չորս ուղղություններով լուծումների շուրջ»,-ասաց Արեւիկ Համբարձումյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ