«Որ կառուցողական լինելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական առաջնորդին, որն ասում էր՝ ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանի հետ կապված միջադեպից հետո սաստել էր ընդդիմադիրներին, ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Նստեք ու համակերպվեք, լսեք։ ԱԺ նախագահը պարտավոր է կազմակերպել ԱԺ գործունեությունը։ Դուք որեւէ ավել լիազորություն չունեք, քան պատգամավորներից որեւէ մեկը»։
Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Բնակչությունն արդեն պատասխանել է ձեր որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն»։
Դահլիճում աղմուկ բարձրացավ։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանին ու Արմեն Ռուստամյանին։ «Դավայ»-ով չի»,-ի պատասխան Ռուստամյանի առարկություններին ՝ ասաց Ալեն Սիմոնյանը։ «Մի հատ Նարեկին հանգստացրեք։ Նարեկ Գրիգորյան, էլ վեր չկենաս տեղիցդ»,-դիմելով ՔՊ-ին՝ շարունակեց նա։
Բղավոցները սաստկացան, կրքերը թեժացան, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Նրա հրահանգով եթերն անջատվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ