«Տիկին Մանուկյան, երեկ դուք ասացիք, թե մեր իշխանությունն Արցախի հարցն ինքնորոշման իրավունքից դարձրել է տարածքային վեճ։ Ձեր ասածը Ռոբերտ Քոչարյանն է արել, երբ Արցախի ընտրված ներկայացուցիչներին փոխանակ ամեն գնով բանակցային սենյակում պահելը՝ դուրս է հրավիրել ու սկսել տարածքների փոխանակության միջոցով՝ ՀՀ սուվերեն տարածքի միջոցով հակամարտության լուծման իր մոդելը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաեւ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի նկատառմանը, թե ՀՀԿ-ն բանակցային լավ ժառանգություն էր թողել։ Կարապետյանը նշեց․ «Վկայակոչում եք, թե Ալիեւը խոստովանել է, որ փակ դռների հետեւում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը․․․ Ես նախընտրում եմ վկայակոչել Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ ապրիլյան պատերազմից հետո նա եւս մի զիջում է արել՝ հանրաքվեի հարցի սահմանափակ կամ ոչ սահմանափակ լինելու մասով։ Քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չէր տալիս ԼՂ ժողովրդին հարցնել՝ ինքը ցանկանո՞ւմ է անկախ լինել, թե ոչ, նա համաձայնել էր հարցը դուրս թողնել փաթեթից։ Այ այսպիսի հոյակապ ժառանգություն եք դուք մեզ թողել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ