ԵՄ գործընկեր երկրների բնակչության պատվաստումների աջակցությանն ուղղված ջանքերի շրջանակում Եվրոպական հանձնաժողովը երեկ ավելացրել է իր ֆինանսական աջակցության 40 միլիոն եվրոյի փաթեթը հասցնելով այն 75 մլն եվրոյի՝ այն ուղղելով Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի հանրապետությունում և Ուկրաինայում Քովիդ-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի տեղակայմանը և պատվաստումների իրականացման արշավների արագացմանը։
Պատվաստանյութերի գլոբալ սղության պայմաններում, աջակցության նոր՝ 35 մլն եվրո փաթեթով ԵՄ-ը հետամուտ է էապես բարձրացնել դրանց հասանելիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ ԵՄ անդամ երկրներից պատվաստանյութերի համատեղ կիրառումը դյուրին դարձնելու և արժեքը փոխհատուցելու միջոցով։ Այս աջակցությունը հավելում է ԵՄ օժանդակությանը «COVAX»-ին՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի արդար և համընդհանուր հասանելիությունն ապահովող և Արևելյան գործընկեր երկրների շրջանում պատվաստանյութերի հավասար և թափանցիկ բաշխման ուղղությամբ աշխատանք տանող գլոբալ նախաձեռնությանը։
Այն տրամադրվում է ի լրումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ փետրվարին մեկնարկած 40 մլն եվրո օժանդակության առաջին փաթեթին, որը միտված էր բնակիչների անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացման պատրաստվածությունը և տեղական մակարդակում նախապատրաստումը անհապաղ ամրապնդելուն: ԵՄ աջակցությունը ներառում էր պատվաստումների իրականացման արշավներում ներգրավված բժշկական ոլորտի կառավարիչների և բժշկական անձնակազմի ուսուցումը, պատվաստանյութերի և պարագաների առաքման և օգտագործման համար անհրաժեշտ գործառույթների աջակցությունը, պատվաստումների տվյալների և անվտանգության մոնիտորինգը, կապի ապահովումն ու համայնքային ներգրավվածությունը, ինչպես նաև աջակցությունը թվային Քովիդ հավաստագրի մշակմանը:
«Քովիդ-19 համավարակը կործանարար է և աննախադեպ ծանր բեռ է մարդկանց, առողջապահական համակարգերի և համաշխարհային տնտեսության համար: Արևելյան գործընկերությունը, ցավոք, բացառություն չէ: ԵՄ-ը վճռական է աջակցել իր արևելյան հարևաններին պատվաստումների գործընթացն արագացնելու գործում, քանի որ այն վճռորոշ նշանակություն կունենա համավարակի դադարեցման և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնումը մեկնարկելու համար: Մենք հոգ ենք տանում մեր գործընկերների ապահովության մասին», նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
Կարդացեք նաև
Ընդհանուր տեղեկատվություն
Հաստատված նոր ծրագիրը Քովիդ-19-ի դեմ «Team Europe»-ի գլոբալ արձագանքման բաղկացուցիչ մասն է՝ միտված խորացնելու ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ ջանքերը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մինչ այժմ գոյություն ունեցող համագործակցությունն այդ ուղղությամբ: Այն նպատակ ունի էլ ավելի խորացնելու անցյալ տարի Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քովիդ-19 համավարակի դեմ պայքարին ուղղված առաջին տարածաշրջանային գործողության արդյունքները, երբ ԵՄ-ը և ԱՀԿ-ը համատեղ ուժերով մեկնարկեցին 35 մլն եվրո բյուջե ունեցող «Համերաշխություն հանուն առողջապահության» նախաձեռնությունը՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում։ Նախաձեռնության շնորհիվ հնարավոր դարձավ ամբողջ տարածաշրջանին մատակարարել անհրաժեշտ բժշկական պարագաներ, այդ թվում՝ շուրջ 11 մլն միավոր անձնական պաշտպանական միջոց, լաբորատոր սարքավորումների 12 000 կոմպլեկտ, ավելի քան 1500 արհեստական շնչառության սարք, թթվածնի խտացուցիչ և զարկերակային օքսիմետր և ավելի քան 20,000 ՊՇՌ թեստ:
Նոր ընդունված փաթեթը կաջակցի արդյունավետ կերպով տեղակայել Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն անմիջապես գործընկեր երկրներից՝ «Պատվաստանյութերի փոխանակման ԵՄ մեխանիզմ»-ի միջոցով և անուղղակիորեն՝ «COVAX»-ի միջոցով՝ գնելով այն անմիջապես պատվաստանյութ արտադրողներից։
«Team Europe»-ը «COVAX» նախաձեռնության առաջատար ներդրողներից է՝ մոտ 3 մլրդ եվրո հատկացվել է «COVAX» -ին՝ միակ գլոբալ նախաձեռնությանը, որն ապահովում է պատվաստանյութերի արդար և հավասար հասանելիությունը գործիքը և ապահովում է պատվաստումների իրականացման միջազգային համերաշխությունը:
«COVAX»-ի ջանքերը հավելելու նպատակով «Team Europe»-ը նպատակ ունի մինչև տարեվերջ գործընկեր երկրներին նվիրաբերել պատվաստանյութերի առնվազն 200 մլն չափաբաժին, որոնց մեծ մասն ակնկալվում է հանձնել «COVAX» նախաձեռնության միջոցով:
Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրություն