Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն «ապատեղեկատվություն» է որակում հրապարակումը` հաշվի առնելով ոչ թե դրա բովանդակությունը, այլ՝ ժամը. «Հետք»

Օգոստոս 11,2021 09:39

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

«Հետք»-ը 2020թ. հուլիսի 14-ին «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով լուր էր հրապարակել: Տավուշում հուլիսյան մարտերն էին, եւ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը: Կատարվածին ականատես էին եղել խմբագրության՝ տեղում աշխատող թղթակիցները: Կայքում հրապարակված լուրի իսկությունը նույն օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր այդ օրերին Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Հետք»-ի հրապարակումից և պաշտոնական հաստատումից մեկ օր անց՝ 15.07.2020թ., Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ կից տեսանյութով, կոչ անելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:

Հաղորդագրությանը կից տարածված և Ազգային անվտանգության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութի կադրում հայտնվում է նաև «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով «Հետքի» լուրը՝ «Ապատեղեկատվություն» ջրանիշով (watermark):

«Հետք»-ը դիմել էր ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե թերթի վերը հիշատակված և ԱԱԾ տեսանյութում տեղ գտած նյութում կոնկրետ ո՞ր տեղեկությունն է ապատեղեկատվություն։

ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ն. Մարգարյանի ստորագրությամբ, էլեկտրոնային փոստով ստացվել էր գրության պատասխանը, ըստ որի՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի կողմից սույն թվականի հուլիսի 15-ին պատրաստված և տարածված տեսանյութում զետեղված «Հետք»-ի հրապարակումը՝ «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը», hetq.am կայքում հրապարակվել էր սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 17:35-ին, սակայն պաշտոնական աղբյուրներն այն հաստատել են ավելի ուշ:

ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տեսանյութի պատրաստման և տարածման պահին «Հետք»-ի տարածած տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և այդ պահի դրությամբ, ժամանակագրական առումով, այն համարվել էր ապատեղեկատվություն»:

ԱԱԾ-ի ներկայացուցիչները նույնը պնդել են նաև դատարանում: Այսինքն, ԱԱԾ-ն «ապատեղեկատվություն» է որակում հրապարակումը` հաշվի առնելով ոչ թե դրա բովանդակությունը, այլ՝ ժամը: Եթե լուրը հրապարակվեր պաշտոնական հրապարակումից հետո, այն կդիտվեր «իրական լուր», բայց քանի որ հրապարակվել է պաշտոնական հաստատումից ժամեր առաջ, ապա այն, ըստ ԱԱԾ-ի, «ապատեղեկատվություն» է:

Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել նիստերի դահլիճում քննարկված այն հարցին, որ լուրի հրապարակման պահին երկրում ռազմական դրություն հայտարարված չէր, և լրագրողների համար չէին գործում սահմանափակումներ:

Չի անդրադարձել դատարանում քննված այն հարցին, թե որպես ականատես լրագրողի տեսածն ինչո՞ւ պետք է պաշտոնական հաստատում ստանար:

Չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է լրատվամիջոցի նշված հրապարակումը տեղ գտել ԱԱԾ-ի տեսանյութում, եթե խոսքը միայն ադրբեջանական ռեսուրսներից օգտվելու մասին էր: Ավելին, լրատվամիջոցի ներկայացուցչի հարցադրումներին ի պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը դատարանում այդպես էլ չի ներկայացրել գեթ մեկ փաստ առ այն, որ հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանել: Չի կարողացել ապացուցել, որ նշված հրապարակման մեջ օգտագործվել է ադրբեջանական աղբյուրից ստացված տեղեկատվություն:

Մինչդեռ դատավոր Երիցյանն իր վճռում նշել է, թե՝ «այնուամենայնիվ, կայքի լոգոն փակ ներկայացնելը ենթադրում է տեսանյութի հեղինակի բարեխղճությունը, հավասարակշռությունը և դիտավորության բացակայությունը։ Անաչառ դիտորդի մոտ չէր կարող տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը վերաբերում է Հայցվորին կամ նրա հրապարակած կոնկրետ նյութում տեղ գտած փաստերի հերքմանը։ Տեսանյութում տեղ գտած բառերը և կադրերը առավելապես վերաբերում են գործող զանգվածային լրատվության միջոցներին»:

Դատարանը քննարկման առարկա չի դարձրել նաև այն հանգամանքը, որ եթե իրականում տեսանյութում տեղ գտած բառերը և կադրերը առավելապես վերաբերում են գործող զանգվածային լրատվության միջոցներին, ապա մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ինչո՞ւ է առանձնացվել «Հետք»-ի հրապարակումը և տեղ գտել ԱԱԾ-ի տեսանյութում, որտեղ նշված են նաև ադրբեջանական լրատվամիջոցներ: Մի՞թե նպատակին հասնելու համար հնարավոր չէր կոչով հանդես գալ՝ առանց լրատվամիջոցի հրապարակումը ցուցադրելու:

Ավելին, անտեսելով տեսանյութի ուսումնասիրմամբ բացահայտված տվյալները՝ մասնավորապես «Հետք»-ի անվանումը, դատարանը նշել է, թե տեսանյութում թերթի մասին հիշատակում առկա չէ, որևէ կերպ հնարավոր չէ ստույգ բնորոշել նյութի աղբյուր հանդիսացած լրատվամիջոցին:

Անդրադառնալով հանրային գերակա շահի հարցին՝ դատարանն արձանագրել է, որ թեև լրատվամիջոցի գործունեությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ լրատվության փոխանցումն ինքնին պայմանավորված է հանրային գերակա շահով, սակայն, պայմանավորված ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և մարդու կյանքի իրավունքով, այն չի կարող համարվել բացարձակ: Տվյալ իրադրությունում հանրային գերակա շահ տեղեկատվության ստացումը կարող է սահմանափակվել՝ անձի կյանքի իրավունքը, պետության տարածքային ամբողջականության իրավունքը պաշտպանելու համար: Անհրաժեշտ սահմանափակումներն էլ իրենց հերթին պետք է նախատեսված լինեն օրենքով, լինեն համաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:

Այս ամենը քննարկման առարկա է դարձել դատարանում, մինչդեռ դատավոր Սարգիս Երիցյանը վճռից դուրս է թողել: Ավելին, դատավորը նիստերի դահլիճում քմծիծաղով էր ընդունում լրատվամիջոցի ներկայացրած փաստերը: Սա արձանագրվել է, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչը նիստի ժամանակ հիշատակել է այդ մասին:

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031