Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին ո՞վ է հարցրել, նա դե՞մ է, որ ռուսները «դավաճանեն» հայ ժողովրդին

Օգոստոս 11,2021 08:40

Ռուսաստանում հայատյացությունը իշխանական վերնախավ է հասել

Պակիստանում, Շվեյցարիայում, Մոլդովայում, Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադեի խոսքերն ուղղված ռուսաստանցի քաղաքական գործիչ՝ Վլադիմիր Ժիրինովսկուն, ռուսաստանյան համացանցային տիրույթում թոհուբոհ են առաջացրել: Օրերս Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրել Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը, Բաքուն պաշտոնապես բողոք էր հայտնել՝ «Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հասցեին» Ժիրինովսկու վիրավորական մեկնաբանությունների կապակցությամբ: Ըստ ամենայնի, Իսֆանդիար Վագաբզադեն որոշել է «տեղը դնել» Ժիրինովսկուն, նա իր տեսաուղերձում խոստացել է նրան ուղարկել՝ «դնչկալ», ռուս ազգին՝ «հոտած խոզեր» է անվանել, ապա՝ ուշագրավ խոստովանություն է արել. «Մենք ամեն օր ձեզ խավիար, ձուկ, փող ենք ուղարկում, ինքներս մեռնում ենք սովից…»:

Երեկվանից ռուսաստանյան լրագրողական, փորձագիտական դաշտում ակտիվ քննարկումներ են ծավալվել հետեւյալ հարցադրումներով, թե՝ ադրբեջանցի նախկին դեսպանի նման եւս ադրբեջանական հասարակությունը ռուս ազգին «խո՞զ» է համարում: Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն անմիջապես իր տելեգրամյան ալիքում գրեց, թե՝ հետաքրքիր է լսել Ադրբեջանի պաշտոնատար անձանց կարծիքը, Սոլովյովին են միացել պատիվ պահանջող եւս մի քանի ռուս լրագրողներ:

Իրականում, սակայն, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ռուսական լրագրողական շրջանակների արագ արձագանքը որքան էլ հասկանալի է, միեւնույն ժամանակ պաշտոնական Մոսկվայից համարժեք գնահատականներ, առավելեւս՝ քայլեր, չարժե ակնկալել: ՌԴ-ն վաղուց է ապացուցել, որ առավել թունդ «ստորացումներ» էլ կարող է կուլ տալ, եթե հարցը վերաբերում է օրինակ Թուրքիայի գործողություններին՝ ընդդեմ Ռուսաստանի:

Իսկ ընդհանրապես, խնդիրն ավելի խորքային է: Հայաստանում տարիներ շարունակ առավելապես ԵՄ-ից, ԵԽ-ից են ակնկալել համարժեք գործողություններ՝ ընդդեմ Ալիեւի բռնապետական ռեժիմի: 44-օրյա պատերազմից հետո էլ, մենք դեռ արեւմտյան երկրների ու կառույցներից ենք ակնկալում Արցախում ֆոսֆորային ռումբեր գործածած, այսօր Բաքվի բանտերում հայ ռազմագերիներին պատանդ պահող Ալիեւի պահվածքին ի պատասխան համարժեք քայլեր:

Բայց Հայաստանում չկա քաղաքական վերնախավ, որը կհամարձակվեր Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում վերջին առնվազն 10 տարիներին կատարվողին համարժեք գնահատական տալ, ավելին՝ ռուս գործընկերներից, ռուս իշխանավորներից պահանջեր կարգի հրավիրել ռուս որոշ գործիչներին ու վերջ տալ հայատյացությանը՝ Ռուսաստանում:

Ռուսաստանում կա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ֆինանսավորվող հայատյացություն, դրա մասին գիտեն ռուսաստանցի փորձագետները, լրագրողները: Իսֆանդիար Վագաբզադեի պոռթկումը, թե՝ «մենք ամեն օր ձեզ խավիար, ձուկ, փող ենք ուղարկում», սովորական առօրեական խոստովանություն է:

Իսկ հիշո՞ւմ եք 2020թ. հուլիսին, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ, Գլոբալիզացիայի հիմնախնդիրների ինստիտուտի գիտական ​​ղեկավար Միխայիլ Դելյագինի տելեգրամյան սկանդալային գրառումը, որում նա մեղադրեց որոշ ռուսաստանյան պարբերականներին այն բանում, որ նրանք փորձել են կաշառել փորձագետին, որպեսզի վերջինս իր մեկնաբանություններում մեղադրի Հայաստանին Ադրբեջանի դեմ ագրեսիա գործադրելու մեջ: «Ռուսական որոշ ԶԼՄ-ներ, որոնց հետ ես արդեն մեկուկես տարի չեմ շփվում, զանգահարում եւ առաջարկում են, որ ես «իմ նշած ցանկացած գումարի դիմաց» նրանց տրամադրեմ մեկնաբանություններ այն մասին, որ Հայաստանը սադրում է հակամարտություն Ադրբեջանի հետ: Իմ քաղաքավարի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը, եւ հակամարտության գոտում կոնկրետ որտե՞ղ է գտնվում ադրբեջանական նավթային դաշտերը, իմ այս հարցին «Մոսկովյան» լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանեց. «դե հասկանում եք ուղղակի այդպիսինն է Բաքվի դիրքորոշումը», գրել էր Դելյագինը, հավելելով, թե ստացվում է, եթե հանկարծ ​​վաղը Բաքվի դիրքորոշումը պահանջի, որ՝ «հայերի ցեղասպանությունը բեմադրվել է ռուսների կողմից», մոսկովյան ԶԼՄ-ները ուրախությամբ կսկսեն գումարի դիմաց «հավաքագրել» այդ ամենը հաստատող կեղծ փաստեր եւ մեկնաբանություններ:

Հարցը, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում, ունի բոլորի համար արդեն վաղուց ակնհայտ պատասխան: Մեզ պետք է հետաքրքրի մեկ այլ հարց՝ ինչպե՞ս է դա կատարվում: Իրականությունը հետեւյալն է՝ ռուսական վերնախավին տրվել է «դաբրո»՝ իրականացնել ադրբեջանամետ քարոզչություն ՌԴ-ում: Լեոնիդ Կալաշնիկով, Մաքսիմ Շեւչենկո, Իգոր Կորոտչենկո, Ալեքսանդր Դուգին, եւ այլք, այս մարդիկ տարիներ շարունակ ադրբեջանական լրատվականների էջերում էին՝ Բաքվի համար ցանկալի դիրքորոշումներով: Այս հակահայ գործիչները ռուսաստանյան հեռուստաեթերի աստղերն էին 44-օրյա պատերազմի օրերին: Ռուսական թոք-շոուների հեռուստատաղավար էր հրավիրվում Կոնստանտին Զատուլինը՝ որպես հայամետ գործիչ, ընդդեմ 3-4 ադրբեջանամետների: Ողջ պատերազմի ընթացքում ադրբեջանամետ ռուսների օգնությամբ հող էր նախապատրաստվում, որ Հայաստանը պարտվելու է իր ունեցած իշխանության պատճառով, որ՝ «իհարկե գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն», «իհարկե Ադրբեջանը կատարում է իր պարտքը», «Բաքվին այլ ելք չէր մնացել, քան պատերազմը»: Ի դեպ, նկատենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի «դարդով» ապրող փոքր-ինչ հայամետ համարվող ռուսաստանցի փորձագետներին ու մեկնաբաններին, սակայն այսօր արգելված է խոսել մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների մասին եւ այդ համատեքստում Բաքվի պահվածքի մասին:

Իսկ ահա հայատյացությունը Ռուսաստանում շարունակվում է նույն հունով ընթանալ: Ադրբեջանամետ գործիչների շարքերը ՌԴ-ում համալրվում են: Վերջերս ակտիվ ադրբեջանամետ դիրքորոշումներով է հանդես գալիս օրինակ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլովը, որից ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով հարցազրույցներ են վերցնում, իսկ ռուս պատգամավորը ներկայացնում է Բաքվի համար ականջահաճո ձեւակերպումներ՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրման մեղավորը Հայաստանն է», «սահմանային բախումների մեղավորը Փաշինյանն է»,  «եթե պաշտոնական Երեւանը չդադարեցնի իր ռազմական սադրանքները սահմանին՝ ստիպված կլինի թանկ վճարել նման անհեռատեսության համար»: Ուշադրություն դարձրեք, սա ոչ թե ադրբեջանցի կամ թուրք պաշտոնյաների ու քաղաքական գործիչների խոսք է, այլ ՌԴ Պետդումայի պատգամավորի, որը նույն ճշգրտությամբ կրկնում է թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյանների սպառնալիքներն ուղղված Հայաստանին:

Տարիներ շարունակ գրվել է, որ ադրբեջանական լոբբին Մոսկվայում ակտիվ աշխատում է։ Այսօր նրանք շարունակում են աշխատել համոզել Կրեմլին, թե՝ պաշտոնական Երեւանը դա արեւմտամետ քաղաքականություն վարողների խմբավորում է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից ձգտում է հրաժարվել Արեւմուտքի դրդմամբ, Հայաստանը փորձում է Ֆրանսիայի միջոցով բոյկոտել եռակողմ համաձայնությունների կատարումը։ Մինչդեռ այդ համաձայնագրի գրեթե բոլոր կետերը չեն կատարվում դրա ստորագրումից անգամ ժամեր անց: Այդ հայտարարությունը Բաքուն մեկնաբանում է յուրովի, Հայաստանին տարածքային նոր պահանջներ է ներկայացնում, եւ փոխանակ ադրբեջանական զորքերը հետ քաշվեին, նրանք առաջ են եկել մինչեւ Հայաստանի տարածք: Իսկ ինչպե՞ս է իրեն դրսեւորում նոյեմբերի 9-ի համաձայնության երաշխավոր Ռուսաստանը՝ արդեն նույնպես ակնհայտ է…

Դառնանք Իսֆանդիար Վագաբզադեի խոսքերին: Կարծում եք Կրեմլում, ՌԴ ԱԳՆ-ում, կամ ՌԴ Պետդումայում դա խորը անհանգստությո՞ւն է առաջացնելու: Ամենեւին: Ադրբեջանցի նախկին դեսպանն իրականում բավական անկեղծ է գտնվել, նա «բացահայտել» է իրականությունը, որ Բաքուն կաշառում է ռուսներին:

Ու հիմա հարց՝ կարո՞ղ էր Կրեմլը թույլ տալ, որ օրինակ՝ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին Ռուսաստանի մեծահարուստ վրացի գործարարները «գնեին» ռուսական լրատվականների լրագրողների, խմբագիրների, փորձագետների ու Պետդումայի պատգամավորների, եւ նրանց պատվիրեին հանդես գալ Թբիլիսիի համար ականջահաճո դիրքորոշումներով: Պատասխանը ակնհայտ է, իհարկե, ոչ, չէր կարող նման բան պատահել Ռուսաստանում: Նման բան չի կարող կատարվել նաեւ հիմա, ռուսաստանաբնակ որեւէ վրաց գործարար չի համարձակվի կաշառք առաջարկել ռուսաստանցի քաղաքական էլիտայի ու մեդիադաշտի ներկայացուցչի, որովհետեւ գիտի, որ դա ՌԴ իշխանական վերնախավին ու անձամբ Պուտինին, մեղմ ասած՝ դուր չի գա:

Հետեւաբար, արձանագրենք, այն, ինչ կատարվում է Ռուսաստանում վերջին առնվազն 10 տարիներին ընդդեմ Հայաստան պետության ադրբեջանամետ քարոզչության ծաղկման տեսանկյունից՝ դա ռուսական պետական քաղաքականության մի մաս է: Իսկ Իսֆանդիար Վագաբզադեն կարող է իրեն թույլ տալ խոսել ռուս ազգի մասին նման լկտի ձեւակերպումներով, որովհետեւ շատ պարզ կանոն է գործում՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է»:

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, օգոստոսի 4-5-ը Հայաստանում էր, նա հանդիպել է ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի իր ընկերների, մասնավորապես՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, եղել է ՀՀ Ազգային ժողովում, հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Նրա գրասենյակը տարածել էր մամլո հաղորդագրություն, որում  Զատուլինը նշել է. «Հայաստանն ապրում է իր արդի պատմության ամենադժվար ժամանակները։ Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել հենց իրեն։ Համոզված եմ, որ ՌԴ նախագահն ու կառավարությունը, Պետական դումայի պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները դա հասկանում են»։

Իսկ Պուտինին որեւէ մեկը հարցրե՞լ է, նա դե՞մ է, որպեսզի ռուսական իշխանական, քաղաքական ու զինվորական էլիտան դավաճանի Հայաստանին ու հայ ժողովրդին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031