Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. իրականացվում է վազքուղու ամբողջական նորոգում, կառուցվում է նոր ժամանման սրահ:
«Շիրակ» օդանավակայանում ընթանում են նոր ժամանման սրահի կառուցման աշխատանքները: Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ:
Կառուցվող նոր ժամանման սրահը կունենա 870 քառակուսի մետր մակերես, որտեղ կգործեն Անձնագրային հսկողություն իրականացնող ծառայության 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որոնց շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:
Նոր ժամանման սրահը կունենա բավականաչափ թողունակություն ՝ ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորությամբ, որն անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր է մինչև 3 անգամ ավելացնել:
Կարդացեք նաև
«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը կազմում է տարեկան 250.000 ուղևոր, որը կհասցվի մինչև 700.000 ուղևորի:
Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբեր ամսին:
Միևնույն ժամանակ ընթացքի մեջ են գտնվում վազքուղու ամբողջական նորոգման շինանրարական աշխատանքները, որոնք մեկնարկել են սույն թվականի հուլիսի 15-ին և նախատեսվում են ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 1-ը:
Հարկ է նշել, որ թեև վազքուղու ասֆալտապատ ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանում վազքուղու վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն առաջացել է 14 տարի անց (վերջին անգամ նորոգվել էր 2007 թվականին), ինչը փաստում է նախկինում իրականացված աշխատանքների բարձր որակը:
14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ և բազմատիպ ճաքեր ու վնասվածքներ և ելնելով վազքուղու փաստացի վիճակից՝ անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել վերանորոգման աշխատանք:
«Շիրակ» օդանավակայանում իրականացված ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումն իրականացվել է ժամանման սրահի կառուցման համար, իսկ 6 միլիոն ԱՄՆ դոլարը՝ վազքուղու կառուցման: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:
«Շիրակ» օդանավակայանի զարգացման հետ կապված կան այլ հեռանկարային ծրագրեր ևս, որոնք հարկավոր է քննարկել ՀՀ կառավարության հետ:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի վազքուղին ունի 3220մ երկարություն և 45մ լայնություն: 2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել էր ԻԿԱՕ–ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ