ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանի լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց իրենց խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց․ «Ձեր դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է, որ քայլեր են ձեռնարկվելու՝ Արցախի իշխանությունների հետ գործակցությունը խորացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաեւ Արցախի հետ նոր ձեւաչափի ստեղծում։ Ձեր պատկերացո՞ւմն ինչպիսին է»։
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ՀՀ-Արցախ գործակցության խորացումը ենթադրում է այդ թվում ֆինանսական աջակցության նոր սանդղակների սահմանում․ «Ֆինանսական աջակցության առկա ծավալը կազմում է ավելին, քան երբեւէ նորանկախ ՀՀ պատմության մեջ տրամադրված ծավալը։ Թիվը խոսուն է։ Բացի դրանից, ՀՀ-ն Արցախի հետ այդ թվում ռազմական աջակցության նոր մակարդակի վրա պետք է դուրս գա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ