Ի պաշտպանություն Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի , «Հայելի» ակումբում կազմակերպվել էր ասուլիս–ակցիա։
Բազմաթիվ հյուրերի թվում էր նաեւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Ըստ բանաստեղծի՝ խոսում ենք, ասում ենք, բողոքում ենք, բայց գործողություններ անելու լծակներ չունենք։ «Հիմա երկու գործողություն է ընթանում՝ Բաքվում եւ Երեւանում։ Բաքվում երկար ժամկետով դատում են հայ հերոս տղաներին, Հայաստանում էլ Հայաստանի պաշտպաններին են դատում»,–ասում է Ռազմիկ Դավոյանը։ Ընդվզումը, մտավորականի համոզմամբ՝ արդյունք չի տալիս։
Ռազմիկ Դավոյանը համոզված է, հիմա հայ ժողովուրդը պիտի պահանջի հանրաքվե հետեւյալ հարցադրմամբ՝ «ով հայ ժողովուրդ, դու պետություն ու պետականություն ուզում ես թե ոչ»։ « Գնացել եմ բողոքի ակցիաներին, գոռացել եմ՝ լսող չկա։ Բռնողներին ասում եմ՝ սխալ եք, ճիշտ չեք։ Ասում են մենք հրաման կատարող ենք։ Այսինքն` փոխեք հրաման տվողին, որ ճիշտ հրաման տան»,-ասաց Ռազմիկ Դավոյանը։
Նա կորով ու դիմադրողականություն մաղթեց սյունեցի կալանավորված գործիչներին։ «Ախպերներ, դուք իմացեք՝ ես ձեզ հետ եմ։ Ես մենակ չեմ, հսկայական ընթերցողների բանակ ունեմ, համակիրներ ունեմ եւ եթե պահանջ լինի, անհրաժեշտություն լինի, կգանք ու մեր ձայնը լսելի կդարձնենք»,–ասաց Ռազմիկ Դավոյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ