«Քրեական գործ է հարուցված, քննչական մարմինները հաստատել են, որ նման բան գոյություն չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով խոսակցություններին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանի որդին ինքն է իր վրա կրակել։ Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում իր որդու թեման խորհրդարանում շահարկելը, առավել եւս, որ բացահայտ սուտ է, թե որդին ինքն իր ոտքին է կրակել։
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, 44–օրյա մարտական գործողությունների ժամանակ իր որդին եղել է զորամասի հրամանատար, վիրավորվել է, վիրավորվել է նաեւ նրա օգնականը, մյուս հորեղբոր 2 թոռները, զոհվել է օգնականներից մեկը, Քարինտակի իր բարեկամը. «Եթե դեպքերի հանգամանքները պարզեք, նա գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի շատ հեռու էր առաջին գծից, նաեւ իր զորամասի շարժման ժամանակ։ Եթե նա վախեցող լիներ, չէր թողնի իր հրամանատարական կետը եւ մեկներ առաջին գիծ՝ ստորաբաժանումներին աջակցություն ցուցաբերելու համար։ Ոմանք ասում են, թե տանկի մեջ է իրեն վնասել՝ չհասկանալով, որ իր զորամասը տանկային չէ, այլ մոտոհրաձգային»:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ծառայության ընթացքում բարձր պաշտոններ ստանալու հարցում չի աջակցել իր որդուն: Նա ինքնուրույն է ձեռք բերել ծառայողական առաջխաղացումը. «Զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ զրույցի է կանչել անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Բայց զորամասի հրամանատարի նշանակումը վարչապետի գործառույթը չէ։ Խոսակցությունը հետեւյալն է եղել`«հաշվի առնելով հայտնի իրադարձությունները, ես հրավիրել եմ ձեզ զրուցելու»։ Թե ո՞րն է հայտնի իրադարձությունները, ես չգիտեմ։ Իմ որդին պատասխանել է՝ ես ծառայել ու ծառայելու եմ իմ հայրենիքին, եւ ես երբեւիցե չեմ կարող հրաժարվել իմ հայրիկից»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ