Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վիճաբանություն ու անվերջ հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոս 10,2021 17:33

«Զվարթնոց» օդանավակայանում այս օրերին խիստ մտահոգիչ պատկեր է ստեղծվել․ կորոնավիրուսի առկայության պայմաններում՝ տարբեր երկրներից, հանգստավայրերից Երևան ժամանողները ստիպված են միաժամանակ ժամերով հերթ կանգնել անցագրային հսկիչ կետերին մոտենալու համար։ Գրեթե նույն ժամանակահատվածում «Զվարթնոց»-ն ընդունում է Երևան ժամանող առնվազն 4-5 ինքնաթիռների։

Երեկ որպես ուղևոր՝ վաղ առավոտյան ժամը 6․00-ի սահմաններում ականատես եղանք անվերջ մի հերթի ու անզիջում վիճաբանության Երևան ժամանողների ու տարածքը հսկող ոստիկանի միջև։ Ուղևորները դժգոհում էին այն փաստից, որ կորոնավիրուսի թեստավորում պահանջող «Զվարթնոց» օդանավակայանում այնպիսի աշխատաոճ են ընտրել, որ վիրուսն ինքնըստինքյան տարածվի․ այդ նույն ժամին Հայաստան ժամանողների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում էր, հերթը գնալով ճոխանում, իսկ հսկիչ կետին հասնելը թռիչքից հոգնած ուղևորի համար դառնում էր երազանք։

Սոցիալական հեռավորության մասին այս դեպքում խոսելը բացարձակ անիմաստ էր, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ կանգնելու տեղ անգամ չկար (Տես լուսանկարում)։

Մեր օրինակով փաստենք, որ Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքից «Air Arabia» ավիաընկերությամբ ժամանելով Երևան ու ուղիղ ժամը 6-ից հերթ կանգնելով՝ անցագրային հսկիչ կետին կարողացանք մոտենալ մեկ ու կես ժամ անց, երբ այդ նույն «Air Arabia»-ն վերադառնում էր Եգիպտոս։

Նկատենք նաև, որ անցագրային կետերից ոչ բոլորն էին այդ նույն ժամանակահատվածում աշխատում, որն էլ ավելի էր բարդացնում հերթ կանգնողների վիճակը, հատկապես երբ այս երկարատև հերթին հաջորդելու էր թեստ հանձնելու հերթը։

Հանուն անաչառության նշենք նաև, որ երեխաների հետ ժամանողներին հատուկ վերաբերմունք էին ցույց տալիս, չէին թույլատրում հերթ կանգնել: Այդուհանդերձ, դա էլ չէր փրկում ստեղծված լարված վիճակը։

Ի դեպ, հերթ կանգնելու ժամանակ էլ սկսվեցին վիճաբանություններ ուղևորների միջև՝ «չես ամաչում ջահել տղա ես, հերթ ես խախտում» թեմայով, որը վայրկյան էր մնացել վերածվեր ծեծկռտուքի։

Վիճաբանության մեջ մտած ուղևորներից մի քանիսը պահանջում էին փոխել չվերթների ժամերը, չթույլատրել աշխարհի տարբեր ուղղություններից գրեթե նույն ժամին ժամանել Երևան կամ ավելացնել աշխատակիցների թիվն ու այնպես կազմակերպել սպասարկումը, որ վերջ դրվի հոգնատանջ ու վտանգավոր հերթերին։

Իմիջիայլոց, վիրուսի տարածման առումով մեկ այլ խայտառակ իրավիճակ էլ ստեղծվում է դիմավորողների ահռելի կուտակումների պատճառով, որոնք հավաքվում են ժամանման սրահի մուտքի մոտ, քանի որ օդանավակայանի տարածք թույլ են տալիս մուտք գործել այն դիմավորողներին, որոնք պետք է օգտվեն օդանավակայանի ներսում գործող սրճարաններից կամ ռեստորաններից։ Փաստենք, որ թե՛ ուղևորների և թե՛ դիմավորողների մեջ քիչ էին դիմակ կրողները, ուղևորների դեպքում այն պարտադիր էր դառնում անցագրային կետերին մոտենալիս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031