«Արթուր Մկրտչյանից, խնդրում եմ, հեռու մնացեք։ Խնդրում եմ՝ հեռու մնացեք։ Կամ էլ Անդրանիկ Քոչարյանին հարցրեք։ Արթուր Մկրտչյանը 92թ․ հունվարին ընտրված Գերագույն խորհրդի նախագահ էր։ ՀՀ իշխանությունը, այդ թվում՝ Քոչարյան Անդրանիկը, ինչեր էին անում նրա դեմ, ոնց էին պայքարում նրա դեմ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանի ուշագրավ հայտարարությանը, թե Արցախը կորցրել ենք 92թ․-ին, երբ սպանվեց Արթուր Մկրտչյանը։
«Նրան անգամ վառելիք չէին տալիս։ Խնդրում եմ՝ Արթուր Մկրտչյանի հիշատակից հեռու մնացեք։ Մի արեք նման բան, որ հետո ծիծաղելի իրավիճակում չհայտնվեք, թե 92թ․ ապրիլին Արցախն արդեն հանձնվել էր․․․ախր դրանից առաջ մի քանի տարածքներ էին ազատագրվել»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է Նազելի Բաղդասարյանն Արթուր Մկրտչյանին չհիշի․ «Պատմական հիշողություն է՝ հիշում է։ Բացի այդ, Արթուր Մկրտչյանին չես կարող հիշել առանց «պրիվետ, Ռոբ»-ը հիշելու, առանց մարտի մեկ ու հոկտեմբերի 27-ը հիշելու․․․»։
Դահլիճում աղմուկ բարձրացավ, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աղազարյանին հորդորեց չանել այնպիսի արտահայտություններ, որոնք մարդկանց հույզերն են բորբոքում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ