Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք օրենք չի՞ խախտվել Մակունցին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելով

Օգոստոս 10,2021 16:47

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ արդյոք օրենք չի՞ խախտվել Լիլիթ Մակունցին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելով, քանի որ Մակունցը նախկինում դիվանագիտական որևէ աշխատանք չի կատարել եւ նմանատիպ պաշտոն չի զբաղեցրել, եւ ըստ Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ մրցույթի հիման վրա պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ սահմանված փորձաշրջան անցնելուց հետո։

Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում. «Կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի. երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի, երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի»:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացված դրական եզրակացության հիման վրա:

Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ` ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ»:

Aravot.am-ի հարցմանը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը գրավոր այսպես է արձագանքել. «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական աստիճաններ:

Հանրապետության նախագահը բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման կարգը սահմանվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ից 6-րդ մասերով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սրանք որպեսզի իրենց անգլերենի կրկնուսույցին աշխարհի ամենաազդեցիկ երկրում դեսպան նշանակեն, թքած ունեն “Դիվանագիտական ծառայության մասին” օրենքի վրա էլ, երկրի շահերի վրա էլ։ Փոքր ուղեղների մտածելակերպը հազիվ էլ այսպիսին լինի։ Քանի դեռ “դուխով” գլխարկները դնում եք, շարունակեք բոլոր ոլորտները “շինել”, մինչև որ ձեր սխալների արդյունքում մի օր ինքներդ անխուսափելիորեն “կշինվեք”:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031