ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության քննարկումները վերածվեցին կենցաղային մակարդակի, որովհետեւ «ինքն էությամբ այդպես էր արձագանքում բոլոր հարցերին`ընդհատելով, միջամտելով, հեգնանքով պատասխանելով»: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով նորընտիր խորհրդարանի աշխատանքների մասին`ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի` իր հարցի պատասխանին. «Անդրանիկ Քոչարյանը սխալվում է, երբ ասում է, որ ես ծառայել եմ 361–րդ գնդում, նա սխալվում է, որ ես եղել եմ վաշտի հրամանատար, ես եղել եմ գումարտակի հրամանատար եւ այդ զորամասի ամենաբարձր պաշտոնյան: Նա սխալվում է, երբ ասում է, որ այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային։ Այդ զորամասը մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտի եւ Արցախի բնակչությանը դեռ առաջին ազատամարտի ժամանակ՝ տարբեր նյութատեխնիկական ապահովման ուղղություններով։ Մենք մինչեւ հիմա այդ զորամասի զինծառայողների հետ մեծ բարեկամություն ենք անում, նրանց մեծ մասը Ռուսաստանում է…. Այսօր խոսել, որ այդ զորամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային, դա սուտ է։ Դա սեպ է դնում մեր զորամասում ծառայած հայ զինծառայողների եւ այլ ազգությամբ զինծառայողների, հատկապես ռուս զինծառայողների միջեւ»:
Սեյրան Օհանյանի տպավորությամբ, այսօր բանակն ամբողջությամբ թիրախավորված է: Ավելին, իր մոտ տպավորություն է, որ ինքը կրկին զորակոչվել է բանակ, կամ էլ դատարանում է գտնվում, քանի որ բոլոր հարցերն ուղղված են իրեն. «Տպավորություն է, որ բանակի տերը հիմա ես եմ, իսկ իրենք (ՔՊ-ն. Ն.Գ.) ընդդիմություն են: Մինչդեռ, ես արդեն 5-րդ տարին է, ինչ բանակում չեմ ծառայում»:
Անդրադառնալով երեկ ծավալված բանակի վերաբերյալ քննարկումներին էլ, Սեյրան Օհանյանն ընդգծում է, որ Հայաստանի զինված ուժերը մեծ եւ հպարտանալու ճանապարհ են անցել, իսկ թերություններ, իհարկե, եւս եղել են. «Նույնիսկ դժվար պայմաններում մեր երկրի հնարավորության շրջանակներում, զինված ուժերն իրենց առաջ դրած խնդիրը իրականացրել են եւ ուսուցում, եւ դաստիարակություն, եւ սպառազինություն գործում։ Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Ռուսաստանից զինամթերքի ներկրման պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ նրա ժամանակ էլ առաջին C-300 համակարգները բերել ենք այստեղ, երկու «Իլ– 76» ինքնաթիռ իրենք են նվիրել մեզ, մեկն էլ գնել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ այդ բոլորի հանրագումարն ավելի մեծ է, քան տարբեր պատգամավորների կողմից նշված թվերի համեմատությունները։ Իմ ղեկավարության ժամանակ 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք ներկրել Ռուսաստանից: Այդ ամենը խոսում է այն մասին, որ սպառազինության մատակարարման գործընթացը անընդհատ է եղել Հայաստանի զինված ուժերում եւ անհամեմատելի են այն գործողություները, որոնք կատարվել են մինչեւ 2018 թվականը եւ դրանից հետո»:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ