«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից այսօր ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց․ «Ձեր ուղղաթիռը կա՞, մեկն է, երկուսն է․․․»։ Վահե Հակոբյանը պատասխանեց, որ ուղղաթիռ չունի։ Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Այն ուղղաթիռը, որի մասին խոսվում էր, պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի համար օգտակար եղա՞վ, ասենք, Սիսիանից Երեւան կարողացա՞վ վիրավորների տեղափոխել»։
Վահե Հակոբյանը պնդեց․ «Ես երբեւէ չեմ ունեցել ուղղաթիռ։ Դա եղել է ՊԲ-ի ուղղաթիռը, որը մեր համագործակցության ընթացքում, չեմ կարող բացահայտել, թե որ համագործակցության, բայց պայմանագրի շնորհիվ մեկ-մեկ մեզ տեղափոխում էր Կապանից Երեւան»։
ՔՊ-ից Լիլիթ Ստեփանյանն էլ իր հերթին ասաց՝ տեղեկություններ կան, որ մարզպետ եղած ժամանակ Վահե Հակոբյանը կադրային ջարդ է արել, շանտաժի ենթարկել աշխատակիցներին եւ ընդդիմախոսներին․ «2018թ․-ից դուք սյունեցու իրավունքներից եք խոսում։ Որքանո՞վ եք արդար»։ Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Դուք վերարտադրում եք դեղին մամուլի տեղեկատվությունը»։
Կարդացեք նաև
ՔՊ-ից Արփի Դավոյանն էլ ասաց․ «Այսինքն, դուք Արցախի ՊԲ-ի ուղղաթիռով երթեւեկել եք․․․հա, ինչի՞ եք զարմանում։ Դուք ասացիք այդ մասին։ Դուք այն օգտագործել եք ձեր բիզնեսների համար։ Ասացիք, որ խնդրել եք տեղափոխեն։ Անգամ եթե պայմանագրով է, դրա օգտագործումն անձնական նպատակներով անընդունելի չէ։ Դուք պետք է ուղղաթիռ նվիրած լինեիք։ Լավ է՝ տանկով չեք եկել Երեւան»։
Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Հաշվեք, որ լեզվի սայթաքում է եղել։ ՊՆ-ի մասին է խոսքը։ ՊՆ-ի հետ պայմանագիր ունեինք, հարցերը ճշտեք իրենցից։ Իսկ մի բան նվիրելու համար պետք է ունենաս, որ նվիրես»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ