Օգոստոսի 7-ից մեկնարկել են, եւ մինչեւ օգոստոսի 23-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կանցկացվեն Հայաստանի օրեր: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայկական միության նախագահ, գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը, արդեն 4-րդ անգամ են անցկացվում Հայաստանի օրերը, այս տարի լրանում է նաեւ իրենց միության հիմնադրման 4-ամյակը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի օրերը Գդանսկում համընկել են 1260 թվականից այստեղ անցկացվող Սուրբ Դոմինիկի հայտնի տոնավաճառի հետ. «Այդ օրերին Գդանսկն էլ ավելի է գեղեցկանում, ամենուր տաղավարներ, համերգներ, հետաքրքիր միջոցառումներ: Այս տարի «Հայաստանի օրերը» մաս է կազմելու այդ հայտնի մեծամասշտաբ միջոցառմանը»:
Օգոստոսի 7-ից բացվել է «Հայաստանի գանձերը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայկական մանրանկարչության ու ձեռագիր մատյանների լավագույն նմուշների լուսանկարները: Օգոստոսի 13-ը Գդանսկի հայկական միության բացման օրն է, այդ օրը Գագիկ Պարսամյանն ավանդաբար հաշվետվություն է ներկայացնում կենտրոնի կատարած աշխատանքների մասին: Այս տարի եւս երաժշտական մաս կլինի:
Կարդացեք նաև
Օգոստոսի 15-ին, ինչպես նշեց, մեր զրուցակիցը, ցուցադրվելու է 1197թ. Սկեւռայի Ավետարան մագաղաթե մատյանի կրկնօրինակը, որը դժվար է տարբերել բնօրինակից: Իսկ մատյանը տպագրած Տադեւուշ Սերոցկին դասախոսություն կկարդա հայկական մանրանկարչության եւ մասնավորապես բացառիկ մատյանի մասին: Նախատեսված է նաեւ հայկական երաժշտության համերգ, հայկական գինու համտես:
Օգոստոսի 17-ին մեծ համերգ կկայանա Գդանսկի երկրագիտական թանգարանի դահլիճում՝ Նելլի Մարտիրոսյանի եւ համույթի մասնակցությամբ, կհնչեն դուդուկ, շվի, եւ հարվածային գործիքներ կնվագեն: Մյուս օրերին համերգներ են նախատեսված կենտրոնի պատշգամբում, կցուցադրվեն նաեւ հայկական թեմայով ֆիլմեր:
Օգոստոսի 22-ին ժամերգություն կլինի՝ տեղի հոգեւոր առաջնորդի մասնակցությամբ՝ Գդանսկի հայկական նրբանցքում գտնվող հայկական եկեղեցում: Գագիկ Պարսամյանն ասաց, որ Հայկական օրերի համատեքստում իրականացվող իրենց միջոցառումները կայանում են Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Լեհաստանի կարեւորագույն պետական մարմինների աջակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ