«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին այսօր ՔՊ-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասաց․ «Նախընտրական շրջանում աչքի եք ընկել կոպիտ, տգեղ բառապաշարով, սպառնալիքներ եք հնչեցրել կառավարող ուժի հասցեին՝ հիմնվելով ավելորդ ինքնավստահության վրա»։
Ի պատասխան Վահե Հակոբյանն ասաց, որ իրենց քաղաքական առաջնորդի բառապաշարն ավելի լավ է՝ ինքը չհիշատակի։
Ապա ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանը հարցրեց՝ դուք տպավորվել էք մեր գործընկերոջը ռինգ հրավիրելով եւ քաղաքական բանավեճն այդ հարթություն տեղափոխելով․ «Անգամ այդտեղ ես խնդիր չէի տեսնի, եթե դուք Հրաչյա Հակոբյանի տված գիրքը նետած չլինեիք հատակին։ Ես շատ բացասական եմ վերաբերվում այդ դրվագին։ Դա առիթ է տալիս մտածելու, որ որոշակի իրավիճակներում դուք ձեր էմոցիաները գուցե չկարողանաք կառավարել։ Եթե դուք ընտրվեք, գործնական տարաձայնություններ են հնարավոր, վստահ լինե՞նք, որ բանավեճը չեք տեղափոխի ռինգ»։
Կարդացեք նաև
Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Վստահ մի եղեք․․․կատակում եմ, մի տենց լարվեք․․․գիրք նետելը էմոցիոնալ բան չէ, դրդապատճառն այլ էր։ Շատ քիչ է եղել, որ ես ափերից դուրս եմ եկել իմ կյանքի ընթացքում»։
Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց՝ ցավում է, որ գիրքը հատակին նետելը կարող է արդարացվել։ Հակոբյանն արձագանքեց․ «Չեմ պատրաստվում դա նորից վերարտադրել։ Պարոն Հակոբյանը դահլիճում չէ, չեմ ուզում, որ նա վերապրի այդ ամենը։ Ես համոզված եմ, որ դրա նախորդ գիշերը նա չի քնել։ Դա մեր ներքին հարցն է, պետք չի հանրայնացնել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային