Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյանը` Արթուր Մկրտչյանի սպանության եւ Նազելի Բաղդասարյանի մեղադրանքի մասին

Օգոստոս 10,2021 15:21

«Ես հասկանում եմ քաղաքական իշխանությունների ձգտումը`բոլորին մեղավոր դարձնել այս պարտության մեջ`իրենց անմեղ հանել: Չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր ասեն՝ Տիգրան Մեծն է մեղավոր, որովհետեւ սխալ կնոջ հետ ամուսնացավ եւ ծոռնուհին`Էրատո անունով, շատ անհաջող տիպ ստացվեց եւ դրանից եղան մեր բոլոր ձախողումները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Լրագրողները պատգամավորներին հիշեցրին իշխող ուժի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի խոսքը, որն ասել էր, թե արցախյան պարտությունը գրանցվել է 1992 թվականին`Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Մկրտչյանի սպանությամբ եւ մեղադրանքի սլաքներն ուղղել էր դեպի ՀՅԴ:

«Ոչ: Արցախի 75 տոկոսը մենք կորցրեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում. ֆորմալացվեց դա: Իսկ իրականում, Արցախի մեր կորուստները սկսվեցին, երբ 2018-ի երկրորդ կեսից իշխանությունները սկսեցին վարել անհեռատես քաղաքականություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը`հիշեցնելով արեւելյան փիլիսոփայությունը, որ դու մեղավոր ես ոչ միայն նրա համար, թե ինչպես ես վարվում, այլ նաեւ նրա համար, թե ի՞նչ է քեզ հետ կատարվում`փաստելով, իշխանության անհեռատես քաղաքականությունը հանգեցրեց Ադրբեջանի «ձեռքերն ազատելուն» եւ ագրեսիա սկսելուն:

Արթուր Խաչատրյանն առնվազն անլուրջ է համարում Արցախը 30 տարի առաջ հանձնելու թեզը. «Արցախը 30 տարի առաջ տվեցին`իմանալով, որ 2018-ին Փաշինյանը գալու է, ում վրա կարող են դո՞ւրս գրել պարտությունը: Եթե իրենց երկերը փորձեն տպագրել, հավանաբար, Կաֆկայից ավելի մեծ հաջողություն կունենան»:

Արթուր Խաչատրյանը Արթուր Մկրտչյանի մահը դժբախտ պատահարի արդյունք է համարում եւ հիշեցնում է, որ Արթուր Մկրտչյանը զոհվեց ապրիլի 14-ին, իսկ մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին եւ մնացյալ պատմական տարածքները եւ հորդորեց`սեփական մեղքը թաքցնելու համար չսեւացնել ամեն ինչ:

Ընդդիմադիր պատգամավորը ցավում է, որ իշխանական շրջանակներում որեւէ ցավ եւ զղջում չի տեսնում Արցախի եւ Հայաստանի հետ կատարվածի արդյունքում, ավելին, տեսնում է կորցրածը ետ բերելու բոլոր հույսերը խորտակելու միտում`հիշեցնելով նախընտրական շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից արված տարբեր հայտարարություններ:

Ընտրարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էր խոսում Շուշին եւ Հադրութը ետ բերելու հնարավորության մասին: Թե դա ինչպե՞ս է հնարավոր անել, Արթուր Խաչատրյանը մանրամասնում է. «Արցախի, Շուշիի եւ Հադրութի կարգավիճակը դեռ հստակեցված չէ: Պետք է բանակցել, հմուտ բանակցել, դաշնակիցներ ձեռք բերել եւ պետք է կարողանալ այդ հարցը վերադարձնել բանակցությունների սեղան»: Նաեւ`բանակի վերակազմավորման եւ վերազինման արդյունքում, ոչ թե կազմաքանդման: «Ծնողներն ասում են`մենք արյան գնով տալու երեխաներ չունենք, բայց ծնողները չեն ասում, որ մենք հաղթանակներին դեմ ենք: Սա պետք է հստակ տարբերակել»,- ասաց նա`անդրադառնալով հանրային տրամադրություններին`հիշեցնելով, որ ոչ վաղ անցյալում ծնողները քեֆ-ուրախությունով էին բանակ ճանապարհում:

Անդրադառնալով ՀԱՊԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի կոշտ դիրքորոշումներին, որ ՀՀ սահմանների նկատմամբ ՀԱՊԿ-ի ոչ համարժեք արձագանքը շարունակվելու դեպքում ՀՀ-ն գործողությունների կդիմի, Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել էր խորհրդատվության համար, ՀԱՊԿ-ից էլ խորհուրդ է տրվել. «ՀՀ- ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չի խնդրել: Եվ եթե ՀՀ վարչապետն ասում է`հո Սեւ լճի համար չենք կռվելու, բելառուսնե՞րը պետք է գան կռվեն»: Ամեն դեպքում, Արթուր Խաչատրյանը չի կարծում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Կարծում է, որ կոշտ դիրքորոշումներով հայկական կողմն ընդամենը ցանկացել է ՀԱՊԿ-ին ավելի խորը ներքաշի խնդիրների մեջ, այնտեղից էլ ասել են`«մի հատ դուք կողմնորոշվեք`հետո»:

Միաժամանակ, Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է, թե ո՞ր իրավական փաստաթղթով են Ոսկեպարում եւ Տավուշի այլ հատվածներում ռուսական զորամիավորումներ հայտնվել եւ ի՞նչ առաքելություն են իրականացնում: Իր վերլուծությամբ, գործող իշխանությունը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներում փորձում է հիմք ընդունել նախկին ԽՍՀՄ սահմանները: Ի դեպ, այդ սահմանները սովետական Ադրբեջանը չի ճանաչում եւ ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է, թե ո՞վ սահմանազատում-սահմանագծումն ո՞վ բերեց հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031