Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ հարկադրանքի միջոց առանց ԱԺ-ի թույլտվության՝ Արմեն Գեւորգյանի նկատմամբ չի կարող կիրառվել». Արմեն Գեւորգյանի պաշտպան

Օգոստոս 10,2021 14:49

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի քննությունը, ասաց, որ իր պաշտպանյալը ԱԺ պատգամավոր է եւ չի բացառվում, որ կարող է հենց այսօր տեղի ունենալ հանձնաժողովի նախագահի ընտրություն եւ Արմեն Գեւորգյանը պարտավոր լինի պատգամավորների հարցերի պատասխանել, ինչը կարող է երկար տեւել, դրա համար էլ նա չի մասնակցում դատական նիստին:

Նախագահող Աննա Դանիբեկյանը հարցրեց՝ հնարավո՞ր չէր, որ Արմեն Գեւորգյանը տեղեկացներ ԱԺ-ում, որ պարտավոր է այսօր մասնակցել դատական նիստի, եւ փոխել իր հնարավոր ելույթի ժամը:

«Անկանխատեսելի է, չկա կոնկրետ մշակված ձեւաչափ, որը կարող է կանխատեսելի լինել Արմեն Գեւորգյան համար, ինչից ելնելով նա համապատասխան տեղեկատվություն կտրամադրի դատարանին»,-ասաց պաշտպանը:

Նախագահողը նորից հարցրեց՝ Արմեն Գեւորգյանը փորձե՞լ է տեղեկացնել այսօրվա դատական նիստի մասին եւ իր ելույթը տեղափոխել. «Դեռեւս օգոստոսի 9-ից տեղյակ եք եղել հարցի քննարկմանը, հնարավորություն չունեիք ավելի շուտ տեղեկացնել դատարանին, որպեսզի քննարկեինք եւ դատական նիստը այլ օր նշանակեինք»:

Արմեն Գեւորգյանի պաշտպանն էլ ասաց, որ ամսի 9-ից է մեկնարկել հանձնաժողովների ընտրության հարցը, եւ նորից շեշտեց, որ անկանխատեսելի էր հանձնաժողովի հարցի քննարկումը: «Հիմա ամեն օր Արմեն Գեւորգյանը պետք է մասնակցի ԱԺ նիստերի, արդյոք նա չպե՞տք է որեւէ օր ներկա գտնվի դատական նիստերի»,-հարցրեց նախագահողը:

Պաշտպանն ասաց, որ այս պահին ԱԺ-ում կարեւորագույն եւ հրատապ հարցեր են քննարկվում ու ենթադրվում է, որ նման հաճախականությամբ նիստերը կընթանան, ուստի Արմեն Գեւորգյանի բացակայությունը հարգելի պատճառով է:

Նախագահողը նշեց, որ երկու անգամ Արմեն Գեւորգյանը բացակայել է դատական նիստից, եւ դատարանը առաջին անգամ չի արձանագրել Արմեն Գեւորգյանի բացակայությունը անհարգելի լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ի ձեւավորվելուց հետո առաջին նիստն էր, սակայն քանի, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ տեսնում է անբարեխղճություն, ուստի գտնում է, որ Արմեն Գեւորգյանը չի ներկայացել այսօրվա նիստին առանց հարգելի պատճառի եւ դատարանին չի ներկայացվել որեւէ տեղեկություն պաշտպանի կողմից վկայակոչված: Դատարանը անհարգելի համարեց Արմեն Գեւորգյանի բացակայությունը

Դատախազը միջնորդություն ներկայացրեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել եւ Արմեն Գեւորգյան բերման ենթարկել հաջորդ դատական նիստին՝ հաշվի առնելով այն, որ դատարանի կողմից արձանագրվել է ամբաստանյալի անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալու հանգամանքը:

Արմեն Գեւորգյանի պաշտպանը անհասկանալի որակեց այդ միջնորդությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գեւորգյանը ներկա պահին ունի նոր կարգավիճակ. «Արմեն Գեւորգյանն անձեռնմխելի է, եւ որեւէ հարկադրանքի միջոց առանց ԱԺ-ի թույլտվության՝ Արմեն Գեւորգյանի նկատմամբ չի կարող կիրառվել: Նման դիրքորոշումն ուղղակի չի բխում քրեական դատավարության եւ ՀՀ Սահմանադրության պահանջներից»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ԱԺ նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի այդ, խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։

Դատարանը,սակայն, որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031