Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 10-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կոկո Ջամբո» անվանումը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ առանձնապես ծանր հանցագործության համար 2020 թվականից հետախուզվող Երևանի բնակիչ 31-ամյա Կոնստանտին Հունանյանը, ով հայտնի է «Կոկո» մականվամբ, գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում։
Պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Ու մինչ հետախուզվող «Կոկոն» անկողնում ննջում էր, ոստիկանները շրջափակում են նրա թաքնվելու վայրը ու րոպեների ընթացքում «Կոկոն» աչքերը բացում և գլխավերևում տեսնում է ոստիկանության ծառայողներին։
Ու արդեն սպանության, ապօրինի զենք կրելու-պահելու-օգտագործելու կասկածանքով՝ Կ․ Հունանյանը ձեռնաշղթայված տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից «Կոկո»-ին վնասազերծելու արդյունքում նա չի կարողացել գործի դնել ատրճանակն ու ինքնաշեն ինքնաձիգը, քանի որ նա անկողնում քնած է եղել զենքերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիա:
Քրեական ոստիկանությունում և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են:
Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնում ու վնասազերծում են նրանց, որոնք քիչ առաջ տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: