Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում. Արցախի ՄԻՊ

Օգոստոս 10,2021 14:31

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, և այդ համայնքների հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է համայնքների բնակչության ֆիզիկական և հոգեկան անվտանգության համար՝ մասնավորապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը: Ուստի՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ՝ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու՝ մասնավորապես ադրբեջանական զինված ուժերի հենակետերը խաղաղ բնակավայրերի հարևանությունից հեռացնելու ուղղությամբ:

Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաև գյուղացիների զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձևերով՝ մի դեպքում գյուղացիներն, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի և անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր շեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են:

Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ հստակ և գործնական քայլերի ձեռնարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031