Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Զաս. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումները վտանգ են պարունակում այս տարածաշրջանի համար

Օգոստոս 10,2021 14:25

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կատարած այցի ընթացքում շարունակում է հանդիպումների շարքը երկրի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Գլխավոր քարտուղարն այսօր այցելել է զորամասեր:

Զասը, պատասխանելով «Լուրերի» հարցին, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներին և լուծման ուղիներին:

Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) – Իհարկե, այդ իրավիճակը մշտապես ՀԱՊԿ-ի տեսադաշտում է: Մեզ մոտ մշտադիտարկում է իրականացվում, առաջին հերթին հենց հայկական պետական կառույցների աջակցությամբ:

Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումները վտանգ են պարունակում այս տարածաշրջանի համար, և իհարկե ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի անվտանգության համար:

Եթե խոսենք այդ իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների մասին, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ, իհարկե, սպառված չէ քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորությունը: Դա բոլորի համար կլիներ ամենալավ տարբերակը:

Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի բանաձևը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, պետք է դրական ազդեցություն ունենա: Իհարկե, մենք խորապես մտահոգված ենք, որ վերջին շրջանում ընդլայնվում է սահմանային բախումների աշխարհագրությունը և մեծանում է պարբերականությունը: Դա ևս անհանգստացնում է ու չի նպաստում աշխատանքների մեկնարկին և, ընդհանուր առմամբ, բարդացնում է այն պարտավորությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության դադարեցմանը և այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը դա պետք է հասկանան և կենտրոնանան այդ տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական լուծման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031