Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն իր ելույթում անդրադարձավ նույն խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակահարելու միջադեպին։ «Դա սպանության փորձ է եղել, պետք է չափից շատ լուրջ վերաբերվենք այդ դեպքին, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ պարոն Անտոնյանի հետ, դա ֆիզիկապես իր հետ է տեղի ունեցել, բայց դա կարող էր տեղի ունենալ այստեղ նստած ավագանու ցանկացած անդամի հետ, որովհետեւ եթե կան նախնական գնահատականներ, որ դա տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության պատճառով, կարծում եմ, որ իրավապահների եւ դատական համակարգի գնահատականից զատ, քաղաքային իշխանությունները, թե՛ ավագանին, թե՛ քաղաքապետարանը պետք է իրենց վերաբերմունքը ցուցաբերեն կատարվածի նկատմամբ եւ ուսումնասիրություն սկսեն կասկածելի շրջանակների նկատմամբ»,-ասաց պարոն Գալջյանը։
Նա ասաց՝ եթե պարզվի, որ այդ շրջանակներն այլ տեսակի գործարքներ ունեն Երեւանի քաղաքապետարանի հետ, դրան պետք է վեր հանվեն եւ ուսումնասիրվեն, որովհետեւ եթե մի դրվագով նրանք այսպիսի մեթոդների են դիմել, շատ մեծ է հավանականությունը, որ այլ դրվագներ էլ լինեն, որոնք համայնքի շահերին կարող են վնասել․ «Սա արտացոլում է նախկինում այն մեթոդները, որոնց միջոցով իրենք իրենց շահերն առաջ են տարել՝ ի վնաս համայնքի։ Մենք պետք է առանձին գնահատական տանք այս միջադեպին՝ մեր լիազորությունների շրջանակում»։
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց․ «Այդ ուղղությամբ մեր կողմից կա հստակ գործողությունների պլան, կան հստակ հանձնարարականներ, որոնք այս պահին իրականացվում են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ